Երեքշաբթի, 13 Հունվարի 2015 16:54
ԿԲ պատժեց խուճապ առաջացնողներին և արժութային սպեկուլյանտներին
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը պատժել է շուկայում խուճապ առաջացնողներին և արժութային սպեկուլյանտներին, բայց դրանով ստուգումները չեն ավարտվել, քանի որ 2015 թվականի համար նույնպես կազմվել է արժույթի փոխանակման 178 կետերի ցանկ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, դրանց շարքում ներգրավված են խոշոր սուպերմարկետներում, առևտրի կենտրոններում և հյուրանոցային համալիրներում գտնվող փոխանակման կետեր: Ընդ որում, փոխանակման կետերը կստուգվեն ոչ միայն գործունեության չափանիշնեիի խախտման, այլ նաև գործող ստանդարտներին և նորմատիվներին համապատասխանության առումով:
2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարված 170 ստուգումների արդյունքում խախտումներ են արձանագրվել 16 բանկերում և 12 փոխանակման կետերում: Եվ եթե առաջինները նախազգուշացվեցին և ենթարկվեցին տուգանքների, ապա վերջինների շարքում ոմանք նույնիսկ զրկվեցին լիցենզիայից: Կիրառված տուգանքների շնորհիվ պետբյուջեի օգտին գանձվեց մոտ 40 մլն.դրամ: Միևնույն ժամանակ, ֆինանսական 23 կազմակերպություն ստացավ նախազգուշացում` հետագայում նման խախտումներ չկատարելու պահանջով, իսկ փոխանակման երեք կետերի լիցենզիաները ետ կանչվեցին:
ԿԲ նախազգուշացնում է, որ արժույթի շուկայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված վարչական վարույթները կարող են կրել շարունակական բնույթ: Բանկերի և փոխանակման կետերի կողմից կատարված նման խախտումները կքննարկվեն ՀՀ ԿԲ լիցենզավորման և վերահսկողության Հանձնաժողովում:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է արժեզրկվել: Մասնավորապես, դեկտեմբերի 30-ին դրամի փոխարչժեքը դոլարի նկատմամբ կազմել է 474.00 դրամ/դոլար, եվրոն` 583.00 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.5 դրամ /ռուբլի: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 20-ին մանրածախ շուկայում այդ փոխարժեքները համապատասխանաբար կազմել են` 455 դրամ / դոլար, 555 դրամ /եվրո և 7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերի 17-ի`570 /դոլարի, 712 դրամ /եվրոյի և 8,6 մլրդ դրամ / ռուբլու համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքները հունվարի 13-ին կազմել է` դոլարի համար – առավելագույն առքը - 475 դրամ / դոլար իսկ նվազագույն վաճառքը - 479 դրամ / դոլար, եվրոյի համար` առավելագույն առքը - 563 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը - 565 դրամ /եվրո և ռուբլու համար` առավելագույն առքը – 7.55 դրամ / ռուբլի և նվազագույն վաճառքը - 8.72 դրամ / ռուբլի:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ կատարված արտարժութային գործարքների ծավալը կազմել է 405.1 մլն.դոլար, իսկ փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկել է մինչև 560 դրամ / դոլար, որից հետո իջել մինչև 442.44 դրամ /դոլար, իսկ դեկտեմբերի 27-ին աճել է մինչև 470.00 դրամ /դոլար: Այդ ծավալներից, ի դեպ, 117 մլն.դոլարի գործարքները տեղի են ունեցել միայն նոյեմբերին: Արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 1-5-ը ցուցադրեց աննախադեպ բարձր ցուցանիշ` 59.3 մլն դոլար, որից հետո, սկսած դեկտեմբերի 8-ից, սկսվել են Կենտրոնական բանկի ամենօրյա միջամտությունները դեկտեմբերի 8-27-ը ընդհանուր հաշվով վաճառելով 54.7 մլն.դոլար: Ընդ որում, արժութային ներարկումները նախատեսվում էին մինչև 2014 թվականի ավարտը, նախնական սահմանված պրական 6 մլն.դոարն աստիճանաբար նվազեցնելով: Ի դեպ, դեկտեմբերի 8-12-ը վաճառվել է օրական 6 մլն.դոլար, դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն.դոլար, դեկտեմբերի 20-ին վաճառել է 1.7 մլն. դոլար, դեկտեմբերի 22-ին`1 մլն.դոլար, իսկ տարվա վերջին շաբաթվա ընթացքում` օրական 2 մլն.դոլար: 2015 թվականի հունվարի 12-ին և 13-ին բորսայում արժութային գործարքեր չեն իրականացվել, իսկ միջբանկային շուկայում բանկերի կողմից ընդհանուր հյաշվով կատարվել է 2.2 մլն. դոլարի գործարքներ: