Հինգշաբթի, 15 Հունվարի 2015 14:19
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է կանոնադրական և ընդհանուր կապիտալները միմյանցից չտարբերող լրագրողների կողմից տարածված տեղեկատվությունը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է Հայաստանի որոշ կայքերում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվական սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ, և բանկը ներառվել է ռիսկային գոտու մեջ, ինչը արմատապես չի համապատասխանում իրականությանը: Ըստ բանկի հաղորդագրության, Armlur.am կայքում տեղ գտած «Որ բանկերն են կանգնած փակման եզրին» (http://armlur.am/289357/) լուրի մեջ օգտագործված է սխալ տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ:
Աղբյուրը նշում է, որ լրագրողի օգտագործած թիվը (20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ) ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում, բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջներին: ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է և ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու համար կարիք չունի «միավորվելու» կամ դիմելու այլ միջոցների, որոնց մասին խոսվում է նյութում: Բանկի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ապատեղեկատվություն տարածելուց խուսափելու նպատակով լրագրողները պետք է դիմեն բանկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի», 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդհանուր կապիտալով շուկայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ակտիվների չափերով` 2-րդ, վարկային պորռտֆելի ծավալով` 1-ին, ընդհանուր պարտավորություններով` 2-րդ, ընդհանուր ավանդներով` 4-րդ և ստացված շահույթով` 11-րդ հորիզոնականները:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: