Երկուշաբթի, 19 Հունվարի 2015 16:21
Հայաստանի վարկանիշի իջեցումը կհանգեցնի արտաքին փոխառությունների թանկացմանը
ԱրմԻնֆո. Moody 's Investors Service վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցումը կհանգեցնի միջազգային ֆինանսական և այլ կազմակերպություններից բանկերի կողմից ներգրավվող միջոցների որոշակի թանկացում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Նրա խոսքով, դա էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ որոշ բանկեր կբարձրացնեն վարկային որոշ ծառայությունների սակաները: «Կարծում եմ, որ երկրի վարկանիշի իջեցումը Հայաստանի բանկային համակարգի վրա այլ բացասական ազդեցություն չի ունենա»,-նմշել է Ն.Կարամանուկյանը:
Հիշեցնենք, որ միջազգային վարկանշային Moody's Investor Service գործակալությունը հունվարի 15-ին նվազեցրել է Հայաստանի առաստաղային վարկանիշը` «Ba2»-ից մինչև «Ba3», իսկ վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»: Այս կապակցությամբ Moody's-ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը` Baa3-ից մինչև Ba1, օտարերկրյա արժույթով` Ba1-ից մինչև Ba2, արտարժոյթով ավանդների համար` Ba3-ից մինչև B1: Իսկ օտարերկրյա արժույթով կարճաժամկետ ավանդների գծով էմիտենտի ունակության գնահատականը գործակալության կողմից մնացել է նույնը` NP (Not Prime): Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները, Ռուսաստանի բացասական ազդեցության խորացումը, ներդրումային թույլ ակտիվությունը և առևտրի սահմանափակոմները Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ, որի անդամն է Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից: Իր զեկույցում գործակալությունը նշում է, որ Հայաստանում դիտվում է ներդրումային ցածր ակտիվություն, համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո արտադրողականության դանդաղում, և, այդ ամենի հետ մեկտեղ, բնակչության միգրացիոն տեմպերի աճ: Բացի այդ, ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրական հարաբերությունները նույնպես ազդում են երկրի տնտեսական աճի հեռանկարների վրա: Այս համատեքստում Moody's-ը սպասում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացը կլինի ավելի բարդ, քան Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ինտեգրումը, քանի որ առևտրական երթուղիների հաստատման համար բացակաում են ընդհանուր սահմանները, որպեսզի տեղակայվեն սահմանային անցակետեր: