Երկուշաբթի, 19 Հունվարի 2015 18:21
Անելիք Բանկի միանձնյա սեփականատերը 2015-2016 թթ. համապատասխան ներդրումներ կկատարի կապիտալում, ԿԲ նորմատիվային նոր պահանջները կատարելու համար
ԱրմԻնֆո. Երկու տարվա ընթացքում Անելիք Բանկն իր կապիտալը կհամապատասխանեցնի ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային նոր պահանջներին, որի համաձայն, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 2017 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 30 մլրդ.դրամ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Անելիք Բանկի Վարչության նմախագահ Ներսես Կարամանուկյանը:
«Կարծում եմ, որ մեր միանձնյա սեփականատերը երկու տարում համապատասխան ներդրումներ կկատարի կապիտալում, ԿԲ նորմատիվային նոր պահանջները կատարելու համար: Ի դեպ, բանկի կապիտալը կարող է համալրվել նաև կուտակված շահույթի հաշվին: 2014 թվականից բանկն արդեն դուրս եկավ շահութաբերության, և հետագա երկու տարիներին մտադիր է նույնպես աշխատել շահույթով»,-նշել է Ն.Կարամանուկյանը, հիշեցնելով, որ կայուն և դինամիկ աճ ապահովելու համար բանկն անցյալ 2014 թվականին արդեն կապիտալը համալրեց 1 մլրդ.դրամով:
Նրա խոսքով, այսօր Անելիք Բանկն ապահովում է կապիտալի համարժեքությունը, պահպանելով Մեգառեգուլյատորի սահմանված բոլոր նորմատիվները: «Ես չեմ բացառում հնարավոր միաձուլումները կամ բանկերի գնումը Հայաստանի բանկային համակարգում, բայց ինչ էլ որ տեղի ունեն, ապա դա կլինի առաջիկա երկու տարում, բանկի բաժնետերերի որոշմամբ: Գտնում եմ, որ շուկայում գործող բոլոր բանկերն էլ ի վիճակի են կատարել ԿԲ պահանջը, եթե նրանց բաժնետերերը պատրաստ լինեն ֆինանսական ներարկումների իրականացմանը»,-եզրափակել է բանկիրը:
Ըստ Անելիք Բանկի ֆինանսական հաշվետվությունների, բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 14,4 մլրդ.դրամ (տարեկան աճը` 10,2%), կանոնադրական կապիտալը` 15,3 մլրդ.դրամ (նախորդ տարվա 14,3 մլրդ.դրամի համեմատ): Բանկի կուտակված շահույթը 2014 թվականի արդյունքներով կազմել է 1,1 մլրդ. դրամ, 2013-ի 1,5 մլրդ.դրամի փոխարեն: Բանկն 2014 թվականը եզրափակել է 335 մլն. դրամ զուտ շահույթով, 2013-ի 1,4 մլրդ.դրամի զուտ վնասի փոխարեն: Միայն 2014 թվականի 4-րդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 816,2 մլն.դրամ: Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփակատերն է լիբանանյան Credit Bank S.A.L-ը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի նոր նորմատիվը, որի համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 14-ին համապատասխան փոփոխություններ կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» ՀՀ օրենքի կանոնակարգ 2-ում: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 499,3 մլրդ.դրամ: Ներկայուսմ Հայաստանում գործում է 21 բանկ: