Ուրբաթ, 23 Հունվարի 2015 17:54
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների նոր համակարգին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգին, որը նոր է մուտք գործում հայկական շուկա:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ԲԵՍՏ համակարգն ունի սպասարկման կետերի լայն ցանց (22 000 կետ) ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ այլ երկրներում: Փոխանցում կարելի է կատարել ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով, սակագինը` սկսած 1%-ից: Փոխանցումը հնարավոր է ստանալ ուղարկելուց հետո մեկ րոպեի ընթացքում: Դրամական փոխանցման առավելագույն գումարը օրական կազմում է 590 հազ. ռուբլի, դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ եվրո: Օրվա ընթացքում կարելի է կատարել 3 դրամական փոխանցում:
Բանկի հաճախորդները փոխանցումը ստանլու համար կարող են օգտվել նաև VTB Transfer ծառայությունից բանկ այցելության վրա ժամանակ խնայելու նպատակով: Դրա համար պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար ակտիվացնել ծառայությունը կամ ձեռք բերել VTB Transfer հատուկ քարտ, փոխանցումը ստանալուց հետո զանգահարել 87-87 հեռախոսահամարով, հայտնել փոխանցման կոդը և գումարը կփոխանցվի ստացողի քարտին:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: