Ուրբաթ, 23 Հունվարի 2015 19:38
Ամերիաբանկը կնքեց 80-րդ գործարքը ՎԶԵԲ-ի TFP ծրագրի ներքո
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը կնքեց հոբելյանական 80-րդ գործարքը Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Առևտրի աջակցան ծրագրի ներքո (TFP): Համագործակցության առաջին օրվանից` 2010թ. սեպտեմբերի 30-ից սկսած ընդհանուր գումարով կնքվել է առևտրի ֆինանսավորման ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլարի գործարք: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի երկարամյա համագործակցության արդյունքում կնքվել են ազգային տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես ուղղված հեռահաղորդակցության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը:
«Ամերիաբանկը բարձր է գնահատում միջազգային նման խոշոր կառույցի հետ տարիների փորձությամբ հաստատված գործընկերությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում և ՓՄՁ-ների համար»,-գրում է աղբյուրը:
2013թ.-ին ՎԶԵԲ-ից ստանալով հաստատող բանկի կարգավիճակ, Ամերիաբանկը ձեռք բերեց նոր հնարավորություններ` տեղական արտահանողների համար առավել հասանելի դարձավ առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հատկանշական է նաև, որ Ամերիաբանկին 2014թ.մայիսին շնորհվել է «Լավագույն գործարք» մրցանակը: Յուրաքանչյուր տարի այս մրցանակին է արժանանում միայն մեկ բանկ ՎԶԵԲ-ի հետ համագործակցող բոլոր բանկերից:
Ըստ Ամերիաբանկի տվյալների, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելը կազմել է 130 մլն.դոլար, տարեկան աճը` 47%: Բանկի մասնաբաժինը Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայում ավելացել է 50%: 2015 թվականի արդյունքներով Ամերիաբանկն ակնկալում է առևտրի ֆինանսավորման պորտֆելի 50% աճ:
Ըստ Ամերիաբանկի ֆինանսական հաշվետվության, բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 42.4 մլրդ.դրամ, տարեկան աճը` 98.4%: Ակտիվները կազմել են 39.7 մլրդ.դրամ, տարեկան աճը` 26.9%, վարկային ներդրումները` 278.8 մլրդ. դրամ, տարեկան աճը` 64.1%: 2014 թվականն Ամերիաբանկը եզրափակել է 7.1 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան աճը` 18%:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: