Երեքշաբթի, 27 Հունվարի 2015 18:17
Ամերիաբանկը ճանաչվել է առևտրի ֆինանսավորման տարվա լավագույն բանկ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում: 2011թ.-ից ի վեր նման հեղինակավոր մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մրցանակը շնորհվել է համաշխարհային մասշտաբով 7 տարածաշրջանի 84 երկրի լավագույն բանկերին, որոնց ընտրության համար հաշվի են առնվել կատարված գործարքների ծավալը, միջազգային ասպարեզում գործարքների ակտիվության մակարդակը, հաճախորդների սպասարկման որակը:
Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 122 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ: 2014թ.-ին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 88 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 52%-ով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: