Երկուշաբթի, 2 Փետրվարի 2015 18:05
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության նոր համակարգն էլ ավելի անվտանգ է դարձել
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության համակարգն էլ ավելի անվտանգ է դարձել 3D Secure նոր տեխնոլոգիայի շնորհիվ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներդրել է Visa և MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure առաջադեմ տեխնոլոգիայով:
3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս նույնականացնել քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում է քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:
Աղբյուրի համաձայն, բանկում գրանցված բջջային հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում, Verified By Visa և MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝ մինչև Բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը: Ուստի, 3D Secure անվտանգության համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է համոզվել, որ Բանկում գրանցված է տվյալ գործող բջջային հեռախոսահամարը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է Armenian Card-ի տնօրեն Իշխան Մխիթարյանը, միջազգային Visa և MasterCard քարտերով սերթիֆիկացման ավարտը և 3D Secure անվտանգության համակարգի ներդրումը 2014 թվականին իրեկանացված կարևորագույն նախագծերից է: Նա նշել է, որ նոր տեխնոլոգիան, ըստ էության, վճարողի, ինչպես նաև մարչենտի (ապրանքների և ծառայությունների քարտային վճարներ ընդունող վաճառողի) համար ապահովում է շատ բարձր մակարդակի անվտանգություն: Նոր համակարգը քարտապանների համար էապես նվազեցնում է ինտերնետ-խաբեբաների զոհ դառնալու ռիսկերը: