Երկուշաբթի, 9 Մարտի 2015 20:11
Պրոմեթեյ Բանկն ավելացրել է իր նորմատիվային ընդհանուր կապիտալը մինչև 48 մլն. դոլար, 10.0 մլն. եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկման միջոցով
ԱրմԻնֆո. . Ս/թ մարտի 6-ին Պրոմեթեյ Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 10.0 մլն. Եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ ստորադաս պարտատոմսեր, ինչի արդյունքում՝ Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունն աճել է 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկումը բխում է Պրոմեթեյ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից և նպատակաուղղված է դրանում ամրագրված խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ սեփական ուժերով ապահովելու բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի նորմատիվի՝ ՀՀ ԿԲ-ի կողմից խստացված պահանջի կատարումը:
Ինչպես հայտնի է, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի պահպանման գծով Պրոմեթեյ Բանկը վերջին տարիներին մշտապես գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում, իսկ ընդհանուր և նորմատիվային կապիտալների բացարձակ մեծությամբ՝ խոշորների առաջին տասնյակում:
Պրոմեթևս Բանկը պարզաբանել է, որ բաժնետերերի կազմը և նրանց բաժնեմասերը նշված երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկումից հետո մնացել է անփոփոխ, քանի որ խսոքը գնում է նորմատիվային ընդհանուր կապիտալի մասին: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են եղել` «Անդրնավթգազշին-Պրոմեթեյ» ընկերությունը` 46.13%, «Պրոմեթեյ Սիթի» (ՌԴ) ընկերությունը` 49.97%, ինչպես նաև Վազգեն Գևորգյանը (ՌԴ)`3, 9%:
Նշենք, որ Պրոմեթեյ Բանկը գործում է Հայաստանի ֆինանսական շուկայում 1990 թվականից: Բանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 23.3 մլրդ դրամ ($ 49.1 մլն), նորմատիվային ընդհանուր կապիտալ`18.5 մլրդ դրամ ($ 38.9 մլն դոլար), իսկ կապիտալի համարժեքության հարաբերակցությունը`29% (ԿԲ պահանջվող նվազագույն մակարդակը`12%): 2014թվականը Բանկն եզրափակել է 1.1 մլրդ դրամ կամ $ 2.3 մլն դոլար զուտ շահույթով: