Հայաստանի ձեռնարկությունները շատ քիչ են մտահոգված ինովացիոն ներդրումներում և չնչին միջոցներ են հատկացնում բիզնեսի հետազոտմանն ու զարգացմանը: Այս մասին է վկայում ՎԶԵԲ-Համաշխարհային բանկ Գործարար միջավայրի և ձեռնարկությունների 2008-2013 թվականների գործունեության հետազոտությունը (BEEPS/ԳՄՁԳՀ), որը հիմնված է 360 հայկական ընկերություններում կատարված հարցումների վրա:
Ըստ հետազոտության, 2008 թվականին հարցված ձեռնարկությունների 63%-ը մշակում էին նոր պրոդուկտներ և ներդնում նոր ծառայություններ, իսկ 2013-ին այդ ցուցանիշը հասել է 13%-ի: Ոչ պակաս ողբալի իրավիճակ է տիրում նաև ձեռնարկությունների կողմից բիզնեսի հետազոտմանն ու զարգացման ուղղված ծախսերում, քանի որ այստեղ 2008 թվականին այդ ցուցանիշը կազմել է 23%, իսկ 2013-ին`3%:
Հետազոտությունում բերվում են նաև Կովկասի, Եվրոպայի և Կնտրոնական Ասիայի տվյալները: Այսպես, Կովկասում, 2008-ին նոր պրոդուկտներ մշակող և նոր ծառայություններ ներդնող ձեռնարկությունները կազմել են 46%, իսկ 2013-ին` 7%, իսկ բիզնեսի հետազոտմանն ու զարգացման ուղղված ծախսերը 2008-ին կազմել են 15%, իսկ 2013-ին` 3%: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2008-ին նոր պրոդուկտներ մշակող և նոր ծառայություններ ներդնող ձեռնարկությունները կազմել են 51%, իսկ 2013-ին` 25%, իսկ բիզնեսի հետազոտմանն ու զարգացման ուղղված ծախսերը 2008-ին կազմել են 22%, իսկ 2013-ին` 9%:
Նշենք, որ ԳՄՁԳ հետազոտությունը իրականացվել է 5 փուլով` 1999, 2002, 2005, 2008 և 2012/13թթ. (Ռուսաստանում վերջին ԳՄՁԳՀ անցկացվել է 2011/12թ.) և ներառում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրները, ինչպես նաև Թուրքիան: ԳՄՁԳՀ-ն անդրադարձ է կատարում գործարար միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակին և սույն ակնարկում ներկայացվում են հիմնական ոլորտների որոշ պարզ ցուցանիշներ: