Մայիսի 13-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կհրապարակի Հայաստանի ՀՆԱ-ի նորացված կանխատեսումը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին:
Նրա խոսքով, Հայաստանի կանխատեսումը վերանայվել է, ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, որը հիմնականում ՌԴ տնտեսական վիճակից և ռուբլու փոխարժեքի տատանումներից:ՙ
<Այդ առումով Հայաստանը բացառություն չէ: Երկրի տնտեսությունն իր վրա զգացել է նույն ազդեցությունները, ինչ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրները: Հետևաբարար, տարածաշրջանի գծով իմ կանխատեսումն այնքան էլ լավատեսական չէ: Նախևառաջ պետք է վերականգնվի Ռուսաստանի տնտեսությունը>,-նշել է ՎԶԵԲ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը Հայաստանի 2015 թվակականի տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել է մինչև զերո, նախկինում կանխատեսված 3.5% փոխարեն, ինչը պայմանավորված է Ռուսաստանի և հետխորհրդային տարածաշրջանի երկրների տնտեսական աճի անկումով: ՀԲ կանխատեսումներով, Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թվականին կաճի 3,3%, իսկ 2016-2017 թվականներին աճը համապատասխանաբար կկազմի`3.7% և 4.1%: ՀՀ կառավարության կանխատեսումներով երկրի ՀՆԱ աճը 2015 թվականին կկազմի 5.2%, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության վերանայված կանխատեսումներով` 3%: Հայաստանի բյուջեով ՀՆԱ աճը 2015 թվականին ամրագրված է 4.1%: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ աշնանը Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի մոտ 3%, իսկ 2016 թվականին`1%: Հիմնադրամը նշում է, որ Ռուսաստանի տնտեսական անկումը և ռուբլու արժեզրկումը կտրուկ ձևով կարտահայտվի ԱՊՀ մյուս երկրների տնտեսական աճի վրա: ԱՊՀ երկրների տնտեսական աճը 2015 թվականին կնվազի 1.5%, իսկ 2016-ին` 0.8%: Իսկ Եվրասիական Զարգացման բանկի կոնսենսուս վերլուծությամբ` Հայաստանի ՀՆԱ աճն այնքան էլ չի տարբերվի 2013-2014 թվականների աճից և կարող է 2015 թվականին կազմել 3.8%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թվականին կազմել է 3.4%, մինչև 4.5 տրլն.դրամ, 2013-ի 3.4% և 2012-ի 7.2% աճի համեմատ: