2015 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի մայիսի 12-ի նիստում: Աղբյուրի համաձայն, 2015 թ. ապրիլին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.8%:
Փաստացի զարգացումների համաձայն արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը: Ելնելով այդ զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են գնանկումային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրում է, որ առաջին եռամսյակի ընթացքում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ՝ պայմանավորված կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության ճյուղի ավելի բարձր աճով և շինարարության ճյուղի ավելի քիչ անկմամբ: Գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների ներքո կդիտվի նաև պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազում: Մյուս կողմից գնահատվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման արդյունքում վերոնշյալ գնանկումային ազդեցությունները կչեզոքանան, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը հնարավորություն կտա 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ:
Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 22-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2015 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):
Հիշեցնենք, որ ավելի վաղ, մարտի 24-ի նիստում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել էր 10.5% մակարդակում, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպոների դրույքները` 13.5% -ից մինչև 12%: Մինչ այդ, մարտի 12-ին, լոմբարդային ռեպոների դրույքները նվազել էին` 14.5% -ից մինչև 13.5%: Փետրվարի 10-ին Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը`9.5% -ից մինչև 10.5%, նվազեցնելով լոմբարդային ռեպոների դրույքները`17% -ից մինչև 14.5%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 5.25%-ից մինչև 9%: Իսկ դրան նախորդել էին հետևյալ փոփոխությունները: Այս տարվա հունվարի 22 - ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացավ` 8.5% -ից մինչև 9.5%, իսկ մինչ այդ, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` 6.75% -ից մինչև 8.5%: Բացի այդ, 2014 թվականի դեկտեմբերի 3-ին Կենտրոնական բանկը բարձրացրեց լոմբարդին ռեպոների դրույքը` 10.25%-ից մինչև 21%, որից հետո, դեկտեմբերի 23-ին իջեցրեց մինչև 20%, հետագայում, 2015-ի դեկտեմբերի 2-ին նվազեցնելով մինչև 17%.