«Fitch» միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն Ամերիաբանկին շնորհել է Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (B պլյուս) վարկանիշ` բացասական հեռանկարով (Long-term Issuer Default Rating (IDR)), հաշվի առնելով տարածաշրջանի տնտեսական զարգացումները: Այսպիսով` առաջին անգամ հայկական ընկրությանը տրվում է իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է յուրաքանչյուր ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նման վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և բանկի հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում սակավաթիվ ընկերություններ ունեն միջազգային վարկանշային ընկերությունների կողմից ստացված վարկանիշ, իսկ մասնավորապես «Fitch»կազմակերպության վարկանիշ ունի միայն Ամերիաբանկը: Այն տրվել է` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ, մասնավորապես` բարձր մրցակցության պայմաններում ընկերության առաջատար դիրքը և մասնաբաժինը շուկայում, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների կայուն աճը, առևտրի ֆինանսավորման, ավանդների ցուցանիշները, վարկային պորտֆելի որակը, ակտիվների և կապիտալի շահութաբերության մակարդակը, ինչպես նաև մի շարք այլ ցուցանիշներ:
Վարկանիշի ստացումը վկայում է Ամերիաբանկի բաց ու թափանցիկ գործունեության մասին:
Նշենք, որ «Fitch»վարկանշային կազմակերպությունն աշխարհի 3 խոշոր վարկանշային ընկերություններից մեկն է, որը վարկանիշ է շնորհում պետություններին, միջազգային կառույցներին և տարբեր ոլորտի ընկերություններին ողջ աշխարհում: ԱՊՀ երկրների շարքում «Fitch-ը վարկանիշ է սահմանել 116 ֆինանսական կազմակերպությունների և մի շարք այլ ընկերությունների համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 42.4 մլրդ. դրամ (5-րդ տեղը շուկայում), տարեկան աճը՝ 9.4%: Բանկի ակտիվները կազմել են 399,7 մլրդ դրամ (1 տեղ), տարեկան աճը՝ 26,9%: Դրանց կառուցվածքում գերակշռում են վարկային ներդրումները - 71% կամ 282 մլրդ.դրամ (1 տեղ), տարեկան աճը՝ 62.3%: Ամերիաբանկը 2014 թվականը եզրափակել է 7.1 մլրդ.դրամ զուտ շահույթով (1 տեղ), տարեկան աճը՝ 18%: Հաճախորդների հանդեպ պարտավորությունների գծով (ցպահանջ և ժամկետային) Ամերիաբանկը գտնվում է 1-ին տեղում - 212,5 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 20%), որի ավելի քան 65%-ը կամ 138,4 մլրդ.դրամը կազմում են ժամկետային ավանդները, որտեղ առյուծի բաժինը կազմում են ֆիզիկական անձանց միջոցները: Ամերիաբանկը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցների ծավալով - 102.3 մլրդ դրամ (բանկի ընդհանուր պարտավորությունների մոտ 30% -ը), տարեկան աճը՝ 28%: Ամերիաբանկի ակտիվների եկամտաբերությունը (ROA) 2014 թվականի արդյունքներով կազմել է 2.12% (5 տեղ) և կապիտալի եկամտաբերությունը (ROE) - 17,78% (2 տեղ): Ըստ Ամերիաբանկի տվյալների, 2014 թվականի հոկտեմբերի 1-ին բանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելը հասել է 130 մլն.դոլարի, տարեկան աճը՝ 47%: Բանկի մասնաբաժինը երկրի առևտրի ֆինանսավորման շուկայում գերազանցել է 50%-ը: 2015 թվականին Ամերիաբանկն ակնկալում առևտրի ֆինանսավորման պորտֆելի 50% աճ:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: