Հայաստանի բանկերի միագումար վարկային ներդրումները 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել են 2.62 տրլն.դրամ, նվազելով առաջին եռամսյակում 4,1%: Տարեկան կտրվածքով վարկային ներդրումներն ավելացել են 13.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,894 տրլն.դրամ:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների, բանկերի վարկային պորտֆելում (բացառությամբ երկարաձգված և ժամկետանց վարկերի) դրամային վարկերը կազմել են 33.4% կամ 632,1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 66.6%, կամ 1,262 մլրդ.դրամ: Դրամով տրամադրված վարկերն առաջին եռամսյակում նվազել են 5,1%, տարեկան կտրվածքով` 0.6%: Արտարժույթով վարկավորումը հաշվետու եռամսյակում նվազել է 5%, իսկ տարեկան կտրվածքով աճել են 20.4%:
Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերի մասնաբաժինը կազմել է 6.3% կամ 130.8 մլրդ դրամ: Առաջին եռամսյակում երկարաձգված վարկերի ծավալն աճել է 6,1%, իսկ տարեկան կտրվածքով`29.5%: Բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելում երկարաձգված վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 0.4 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` 0.6 տոկոսային կետով:
Ժամկետանց վարկերի ծավալը 2015-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1.2% կամ 37.1 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերն առաջին եռամսյակում աճել են 13.8%, իսկ տարեկան կտրվածքով` 43.3%: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի վարկային ընդհանուր պորտֆելում հաշվետու եռամսյակում նվազել է 0.3 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` 0.2 տոկոսային կետով:
Երկարաձգված վարկերի կառուցվածքում կարճաժամկետ վարկերը կազմել են 39.2% կամ 51.3 մլրդ դրամ, իսկ երկարաժամկետ վարկերը` 60.8% կամ 79,6 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 67.6% կամ 25 մլրդ.դրամ, իսկ երկարաժամկետ վարկերը` 32,4% կամ 12 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, դրամային վարկերի տոկոսադրույքները Հայաստանում առաջին եռամսյակում աճել են 2,8 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` 2,4 տոկոսային կետով, մինչև 19.11% (միջին): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.03.15 դրությամբ կազմել է 471,13 /դոլար):