ՎՏԲ-Հայաստանի Բանկի աջակցությամբ Կոտայքի մարզում օրերս բացվեց «Էկոտոմատո» ընկերության նոր ջերմատունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, 3 հա տարածքով երրորդ ջերմատունը նախատեսված է վարդերի աճեցման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների ընդլայնման համար: Ընկերության առաջին երկու ջերմատները կառուցվել էին 2011 և 2012 թվականերին: Ջերմատան հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան անձինք, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես-հանրության ներկայացուցիչներ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման մեծ փորձ: «Էկոտոմատոն» հանդիսանում է վարդերի աճեցման առաջատարը շուկայում, ունի մի շարք առավելություններ, մասնավորապես, նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, և մեր համագործակցությունը կկրի շարունակակական բնույթ: Վստահ եմ, որ ընկերությունը կանգ չի առնի ձեռքբերածի վրա և կընդլայնի իր գործունեությունը»,-հատարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Էկոտոմատո» ՓԲԸ տնօրեն Արսեն Սանդոյանն էլ իր հերթին է նշել, որ ընկերությունը ջերմոցային տնտեսությունների շուկայում աշխատում է արդեն մի քանի տարի: «Մենք տարցտարի ընդյալնում ենք արտադրությունը, իսկ երրորդ ջերմատան բացումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել արտադրանքի ծավալները, և այդ ամենը` ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ բազմամյա համագործակցության շնորհիվ: Բանկից ստացված ֆինանսավորումն ուղղվել է ջերմատան շինարարությանը և հատուկ սարքավորումների ձեռքբերմանը»,-հայտարարել է նա, հավելելով, որ այդ ջերմոցային տնտեսությունում կաճեցվեն 24 տեսակի հոլանդական վարդեր, իսկ 70-80%-ը կարտահանվի Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, և միայն 20-30%-ը կիրացվի Հայաստանում: Ըստ Ընկերութան կանխատեսումների, 2015 թվականի առաջին 4 ամիսների արդյունքում արտադրության ծավալները հասել են 10-13 մլն. (հատ) վարդի:
«Էկոտոմատո» ՓԲԸ-ն, հիմնադրվել է 2011 թվականին, Կոտայքի մարզի Գողթ համայնքում: Նույն տարվա դեկտեմբերին շահագործման է հանձնել 2 հա մակերեսով վարդերի աճեցման ջերմատունը, ներդնելով 1.9 մլրդ.դրամ: 2012-ի վերջին ընկերությունն իր գործունեությունն ընդլայնեց ևս 3 հա մակերեսով, ներդնելով ևս 2.87 մլրդ.դրամ: Ծաղիկների շուկայի հետազոտությունները բացահայտեցին, որ նոր շուկաներ դուրս գալու համար անհրաժեշտ է ոչ միայն հզորոթյունների մեծացումը, այլ նաև արտադրանքի տեսականու ընդլայնումը, դրա համար էլ 2014 թվականին բացվեց 3 հա մակերեսով հերթական ջերմոցը, ներդնելով 2.9 մլրդ.դրամ: Այսպիսով, ներկայումս ընկերության տիրապետության ներքո գործում է 8 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, որի շինարարությանը ներդրվել է մոտ 7.7 մլրդ.դրամ:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական վգարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկն իր վարկային պորտֆելի չափերով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է շուկայի առաջատարների եռյակում` 223 մլրդ.դրամ (բանկի ակտիվների մոտ 70%-ը), որի մոտ 60%-ը կազմում է տնտեսության վարկավորումը: մասնավորապես, գյուղվարկավորման և շինարարության վարկավորման գծով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: