Երեքշաբթի, 26 Մայիսի 2015 20:26

ԿԲ. Հայկական գրեթե բոլոր բանկերը մտադիր են մինչև 2017 թվականը համալրել ընդհանուր կապիտալը

Հայաստանի գրեթե բոլոր բանկերը Կենտրոնական բանկին ներկայացված իրենց ռազմավարական զարագացման ծրագրերում մտադիր են մինչև 2017 թվականը համալրել ընդհանուր կապիտալները: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով, որոշ բանկեր արդեն համալրել են կապիտալը, իսկ մյուսները պատրաստվում են դա անել առաջիկայում, ինչի մասին ժամանակին կտեղեկացնեն:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, տարեկան կտրվածքով կանոնադրական կապիտալը համալրել են Հայբիզնեսբանկը (2014 թվականի երկրորդ եռամսյակում` 30.9%), ԻՆԵԿՈԲԱՆԿԸ (2014-ի երկրորդ եռամսյակում`52.6%), Մելլաթ Բանկը (2014-ի երկրորդ եռամսյակում` 47.5%), Անելիք բանկը (2014-ի ի երրորդ եռամսյակում`7%, կապիտալիզացիա`բաժնետոմսերի թողարկման հաշվին), Կոնվերս բանկը (2014-ի երրորդ եռամսյակում`43.5%, բաժնետոմսերի թողարկման հաշվին) և Արդշինբանկը (2014-ի չորրորդ եռամսյակում` 26.6%, շահույթի հաշվին), միևնույն ժամանակ, 2015-ի առաջին եռամսյակում կապիտալիզացիա իրականացրեց Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (57.4%) և Արցախբանկը (68.6%):

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի նոր նորմատիվը, որի համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 14-ին համապատասխան փոփոխություններ կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» ՀՀ օրենքի կանոնակարգ 2-ում: Խստացումն ուղղված է բանկերի միաձուլմանն ու միավորմանը, ինչը կբերի այդ հատվածի մասնակիցների խոշորացմանը, ապահովելով կապիտալի մասշտաբի դրական արդյունք, նպաստելով ավելի որակյալ և մատչելի բանկային սպասարկմանը, միաժամանակ ձևավորելով առողջ մրցակցային միջավայր: Բացի այդ, կբարձրանա բանկային գործունեության արդյունավետությունը և կամրապնդվի կայունությունը: Արդյունքում, բարենպաստ միջավայր կձևավորվի նոր տեխնոլոգիաների ու պրոդուկտների ներդրման համար, ինչը կբարձրացնի հայկական բանկերի ներգրավվածությունը կապիտալի միջազգային շուկային` համագործակցության հետագա խորացման համար: Դրա հետ մեկտեղ կբարձրանա բանկային համակարգի ճկունությունը և զանազան տնտեսական իրավիճակների հետևանքով առաջացած  ցնցումներին դիմակայելու ունակությունը, ինչպես նաև կխորանա ֆինանսական միջնորդությունը:

Ներկայումս Հայաստանում գործում է 21 բանկ: Բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 2014 թվականի վերջին կազմել է 1.029 մլրդ.դոլար: Բանկերի զուտ շահույթը 2014-ին նվազել է 35%, մինչև 57.2 մլն.դոլար: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2014 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 474.97 դրամ/դոլար):