Հայաստանի բանկային համակարգն աննշան տեմպերով շարունակում է կրճատել վարկային և ավանդային տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը:
«Տոկոսային սփրեդի նեղացումը պայմանավորված է շուկայում առկա կոշտ մրցակցությունով, ինչը վկայում է ֆինանսական համակարգի արդյունավետության մասին: Բացի այդ, սփրեդի կրճատումը բխում է նաև բնակչության շահերից»,-նշել է նա:
Ըստ Ա.Գրիգորյանի, դրամային ավանդների տոկոսադրույքները շարունակում են աճել, իսկ արտարժույթով ավանդների տոկոսադրույքներն աննշան տեմպերով իջնում են: «Ներկայումս դիտվում է վարկային տոկոսադրույքների նվազում և ավանդային տոկոսադրույքների աճ, ինչն էլ իր հերին կդանդաղեցնի տոկոսային սփրեդի նեղացումը»,-նշել է նա:
Ըստ Հ ԿԲ տվյալների, դրամային ավանդների տոկոսադրույքները 2014 թ. միջին հաշվով աճեցին` 11.2% -ից մինչև 12.7%, մինչդեռ, դոլարային ավանդները մնացին նույն մակարդակում` անփոփոխ (6,1- 6,2%): Միևնույն ժամանակ, դրամով վարկերի տոկոսադրույքները (ներառյալ հիփոթեքը և սպառողական վարկերը) նվազել են` 16,9% -ից մինչև 15,9%, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքները` 13.3% -ից մինչեւ 13.2%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկերի դրամային վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2015 թվականի հունվարի 1-ին կզմել է 564 մլրդ.դրամ, տարեկան անկումը` ավելի քան 18%, իսկ արտարժույթով վարկային ներդրումներինը` ավելի քան 1.5 տրլն.դրամ, տարեկան աճը` ավելի քան 31%: Հաճախորդների հանդեպ բանկերի դրամային պարտավորությունների ընդհանուր ծավալը նույն ամսաթվով գերազանցել է 400 մլրդ.դրամը, տարեկան անկումը` գրեթե 30%, իսկ արտարժույթով պարտավորությունները գերազանցել են 1.2 տրլն.դրամը, տարեկան աճը`ավելի քան 10%: Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 2.3 տրլն.դրամ, տարեկան աճը` 23%, իսկ ընդհանուր պարտավորությունները` 2,9 տրլն.դրամ, տարեկան աճը`18%: