2015 թվականի առաջին եռամսյակում դոլարային հիփոթեքային վարկերը Հայաստանում մի փոքր թանկացել են: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա հրապարակման, դոլարային հիփոթեքի տարեկան միջին տոկոսադրույքն աճել է` 12.2%-ից մինչև 13.6%: Իսկ դրամային հիփոթեքի տոկոսադրույքները գրեթե անփոփոխ են մնացել, կազմելով 11.6%, հունվարի` 11.9% փոխարեն: Նշենք, որ, ԿԲ վիճակագրության համաձայն, դրամային հիփոթեքը տարեկան կտրվածքով մնացել է անփոփոխ, իսկ դոլարային հիփոթեքն սկսել է թանկանալ ընթացիկ տարվա սկզբից:
Ըստ շուկայի վերլուծաբանների, ազգային արժույթով հիփոթեքի տոկոսադրույքները պահպանվում են պետական մի շարք ծրագրերի մեկնարկի պատճառով, որոնք ուղղված են շինարարության ոլորտի աջակցմանը, որը 2014-ին ցուցադրեց էական անկում: Երկրի անժարժ գույքի շուկայում, ռիելտրների գնահատմամբ, առաջարկը գերազանցում է պահանջարկին, իսկ վերջինիս աջակցելու համար երկրում մեկնարկել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են վերաֆինանսավորմանը` երկրի բանկային և վարկային կազմակերպությունների հիփոթեքային պորտֆելներն ապահովելով ոչ թանկ դրամային ռեսուրսներով, միաժամանակ աջակցելով երիտասարդ ընտանիքների հիփոթեքի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրին: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները գտնում են, որ դոլարով հիփոթեքի թանկացումը կապված է ԿԲ կողմից արտարժույթով ավանդների պահուստավորման պարտադիր նորմատիվի (20%) վերանայման հետ, ինչը բերեց դոլարային ֆոնդերի թանկացմանը: Վերլուծաբանները չեն բացառում նաև արժութային շուկայում առկա անկայունությունը, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկավորման մասնաբաժինը 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է 8.1%, 2008-ի 12,4% -ի փոխարեն: Բանկային համակարգում հիփոթեքային վարկավորման ծավալը նույն ամսաթվով կազմել է 175,1 մլրդ դրամ կամ $ 371,6 մլն, տարեկան աճը`20,2%: Համեմատության համար նշենք, որ 2008-ին բանկերի հիփոթեքային պորտֆելը մեկ տարում աճել էր ավելի քան 2 անգամ, իսկ եռամսյակային աճը` 11%: Հիփոթեքային շուկայում գործում են բոլոր բանկերը, առանց բացառության, ինչպես նաև չորս հիփոթեքային վարկային կազմակերպություններ` «Առաջին հիփոթեքային ընկերությունը», «Ֆիդեսը», «Ազգային հիփոթեքային ընկերությունը» և «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ընկերությունները, ընդ որում, վերջին երկուսը կոչված են ֆինանսավորել ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հիփոթեքային վարկերը: Նշված չորս ընկերությունների հետ միասին ֆինանսական շուկայի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը կազմել է 274 մլրդ դրամ կամ 581,4 մլն.դոլար: Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքերը 2008-2014 թվականներին միջին հաշվով 16% -ից նվազել է մինչև 12%, ՀՀ դրամով, իսկ մինչ ճգնաժամն ավելի թանկ դոլարային հիփոթեքային վարկերը 2015 թվականին գրեթե հավասարվեցին դրամային վարկերի հետ: