Երկուշաբթի, 1 Հունիսի 2015 19:09

Երևանում բացվել է «Հայաստան» կինոթատրոնը

Երևանում բացվել է «Հայաստան» կինոթատրոնը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է 2013 թվականից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և կատարված շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների արդյունքում ստեղծված ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնի (կինոթատրոն, խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն) հնարավորություններին:

Ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար կենտրոնում գործում են նաև սննդի կետեր, սրճարաններ: Պատասխանատուների հավաստմամբ, նախատեսվում է, որ 2-3 ամսից կգործի կենտրոնի երաժշտական ժամանցի կենտրոնը: Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, հիմնովին նոր դիզայնով կառուցվել է այգու և շենքի լուսային ձևավորումը, վերանորոգվել են այգու շատրվանները:

Կենտրոնում կիրականացվեն նաև բարեգործական ծրագրեր, կկազմակերպվեն երիտասարդ կինոգործիչների, կինոյի տեխնիկական մասնագետների ուսումնական դասընթացներ:

 

Կինոթատրոնն այս տարի իր դռներն է բացելու նաև «Ոսկե ծիրան» միջազգա-յին կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնի մասնակից ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ: