ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC Fund for International Development (OFID)) և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր 20 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի 35-40%-ը:
Նշենք, որ նման ծավալի միանվագ ֆինանսավորմամբ OFID-ն առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում:
«Ամերիաբանկը բարձր է գնահատում OFID-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը: Ֆինանսավորման նոր միջոցների ներգրավումը մեզ հնարավորություն կտա մեծացնել ՓՄՁ-ների վարկավորման ծավալները, կապահովի երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ներ համար, ինչն էապես կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը»,-նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ամերիաբանկն ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ` արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 320մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ:
Նշենք, որ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը կազմավորվել է 1976թ.-ին OPEC-ի անդամ երկրների կողմից, որի հիմնական նպատակն է խթանել տնտեսական և սոցիալական առաջընթացը և ֆինանսական աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկը տնտեսության վարկավորման իր ծավալներով հանդիսանում է շուկայի առաջատարը - ավելի քան 215 մլրդ դրամ, տարեկան աճը` 44%: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է մոտ 24% կամ ավելի քան 59 մլրդ դրամ, այս ցուցանիշով տեղ զբաղեցնելով առաջատարների եռյակում, տարեկան կտրվածքով աճը`63%, իսկ այդ պորտֆելի երեք տարվա աճը կազմել է 3 անգամ: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: