ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի հունիսի 23-ի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2015 թ. մայիսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.8% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է 5.1%:
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները: Այս իրավիճակում հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը, այն դեպքում, երբ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում ձևավորվել է սպասվածի համեմատ նավթի գնի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված նավթամթերքի սեզոնային մեծ պահանջարկով, ԱՄՆ պաշարների կրճատմամբ, ինչպես նաև առաջարկի կրճատման սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ տարեսկզբին ձեռքբերված մակրոտնտեսական կայունության պահպանումը շարունակում է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը: Հունվար-մայիս ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ:
Վերոնշյալ գնանկումային ազդեցություններին կհակակշռի օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցությունը և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016 թ-ից կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Հիշեցնենք, ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 10.5% բարձրացրել էր 2015 թվականի փետրվարի 10-ին (նախկին 9.5%-ից), միաժամանակ ռեպո-դրույքներն իջեցնելով` 17%-ից մինչև 14.5%, իսկ ներգրաված ավանդների տոկոսադրույքը` 5.25%-ից բարձրացնելով մինչև 9%: Դրանից հետո, մարտի 24-ի նիստում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել էր 10.5% մակարդակում, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպոների դրույքները` 13.5% -ից մինչև 12%: Մինչ այդ, մարտի 12-ին, լոմբարդային ռեպոների դրույքները նվազել էին` 14.5% -ից մինչև 13.5%: Դրան նախորդող փոփոխությունները հետևյալն էին` հունվարի 22-ին - վերաֆինանսավորման տոկոսադրույքը`8.5% -ից բարձրացվեց մինչև 9.5%, իսկ մինչ այդ, 2014-ի դեկտեմբերի 23-ին` 6.75%-ից մինչև 8.5%: Բացի այդ, 2014-ի դեկտեմբերի 3-ին լոմբարդային ռեպոները 10.5%-ից բարձրացան մինչև 21%, դեկտեմբերի 23-ին իջան մինչև 20%, իսկ 2015-ի հունվարի 22-ին` մինչև 17%: