
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ տարում թանկացել է 3,4%-ով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է գների վիճակագրության և միջազգային համադրությունների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, պարզաբանելով, որ 2015 թվականի 1-ին եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 58404 դրամից մինչև 60397 դրամ:
Նա ընդսմին ընդգծել է, որ սպառողական զամբյուղի կառուցվածքում բաղադրիչների բաժինը չի փոխվել: Մասնավորապես, պարենային զամբյուղին բաժին է ընկնում 56,5%, իսկ դրա արժեքը կազմում է 34123 դրամ` մեկ մարդու հաշվով, ոչ պարենային զամբյուղինն ու ծառայությունների սակագներինը` 43,5%, իսկ արժեքը` 26274 դրամ` մեկ մարդու հաշվով:
Ուշագրավ է, որ Հայաստանում 2015 թվականի հունվարից նվազագույն անվանական աշխատավարձի չափն ավելացվել է մինչև 55000 դրամ` 2014 թվականի (հունվարից) 50000 դրամի և 2013 թվականի (հունվարից) 35000 դրամի դիմաց: 2016 թվականին նախատեսվում է աշխատավարձի նվազագույն շեմը բարձրացնել մինչև 62500 դրամ` 2017 թվականին մինչև 70000 դրամ աճի հեռանկարով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությյան տվյալների համաձայն, Հայաստանի սպառողական շուկայում 2015 թվականի հունիսին արձանագրվել է 1,4% դեֆլյացիա, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների գների 3% նվազմամբ: Իսկ հաշվի առնելով ոգելից խմիչքներն ու ծխախոտը` պարենային ապրանքներն էժանացել են 2,7%-ով, ընդ որում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6%-ով, իսկ ծառայությունների սակագներն ավելացել են 0,1%-ով: 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100%, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտը)` 97,6%, ոչ պարենային ապրանքներինը` 104,1%, ծառայությունների սակագներինը` 101,1%: 2014 թվականի հունվար-հունիսի համեմատ այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 105,1%, 105,6%, 105,7% և 103,7%, 2015 թվականի հունիսին 2014 թվականի հունիսի համեմատ, համապատասխանաբար` 105,5%, 105,2%, 107% և 104,1%:
2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 104,6%, որից պարենային ապրանքներինը` (չհաշված ոգելից խմիչքներն ու ծխախոտը)` 106,3%, ոչ պարենային ապրանքներինը` 101,6%, ծառայությունների սակագներինը` 103%: 2013 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 103%, 102,2%, 101,7% և 105,1%: 2013 թվականին ինֆլյացիան կազմել է 5,6%, իսկ 2012 թվականի համեմատ` 5,8%: Մասնավորապես, 2013 թվականին պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտը) բարձրացել են 4%-ով, ոչ պարենային ապրքներինը` 3,5%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 9,7%-ով: 2012 թվականի համեմատ (հունվար-դեկտեմբեր) այդ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 5,8%-ով, 4,6%-ով և 6,4%-ով: