Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» բետոնապատ ավտոճանապարհի կառուցման համար 112,29 մլն դոլար տրանշի տրամադրման շուրջ Ասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի նախագծին: Ինչպես հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մարման ժամկետը 22 տարի է, որից 15 տարին` արտոնյալ շրջան, 6-ամսյա Libor + 0,2% տոկոսադրույքով:
Հիշեցնենք, որ 556 կմ երկարությամբ «Հյուսիս-հարավ» միջանցքը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: