
Արմինֆո.ՀՀ Կենտրոնական բանկն իջեցրել էվերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9.75%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի 2015 թ. նոյեմբերի 10-ի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2015 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.9%:
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչն ուղեկցվել է միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նման միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչից ելնելով արտաքին հատվածից ներքին գների վրա ակնկալվում է գնանկումային ազդեցություն:
Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.7%, որին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: Այս իրավիճակում գնաճի նվազումը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակների ձևավորմամբ: Ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, չնայած 2015 թվականի հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ պահպանվող թույլ ներքին պահանջարկը և արտաքին գնանկումային միջավայրը դանդաղ են արտացոլվում սեզոնային գյուղմթերքներից զտված գնաճի ցուցանիշում, որը վկայում է դեռևս բարձր գնաճային սպասումների առկայության մասին: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ գնաճային սպասումների նվազմանը զուգահեռ այդ ապրանքատեսակների գնաճը ևս կնվազի: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը ցածր գնաճային սպասումների դեպքում կարող էր ավելի կտրուկ լինել:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, նախանշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 20-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2015 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):
Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 11.25% և 8.25%:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ Կենտրոնական բանկը օգոստոսի 11-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 0.25 տոկոսային կետով` 10.5%-ից մինչև 10.25%: Լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 14.5%-ից նվազեցվեց մինչև 11.75%, իսկ ներգրավվող միջոցների ավանդների` 9%-ից մինչև 8.75%: ՀՀ ԿԲ Խորհրդի դրան նախորդող նիստում, հուլիսի 24-ին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվեց 10.5% մակարդակում: Իսկ ավել վաղ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 10.5% բարձրացրել էր 2015 թվականի փետրվարի 10-ին (նախկին 9.5%-ից), միաժամանակ ռեպո-դրույքներն իջեցնելով` 17%-ից մինչև 14.5%, իսկ ներգրաված ավանդների տոկոսադրույքը` 5.25%-ից բարձրացնելով մինչև 9%: Դրանից հետո, մարտի 24-ի նիստում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել էր 10.5% մակարդակում, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպոների դրույքները` 13.5% -ից մինչև 12%: Մինչ այդ, մարտի 12-ին, լոմբարդային ռեպոների դրույքները նվազել էին`14.5% -ից մինչև 13.5%: Դրան նախորդող փոփոխությունները հետևյալն էին` հունվարի 22-ին - վերաֆինանսավորման տոկոսադրույքը`8.5% -ից բարձրացվեց մինչև 9.5%, իսկ մինչ այդ, 2014-ի դեկտեմբերի 23-ին` 6.75%-ից մինչև 8.5%: Բացի այդ, 2014-ի դեկտեմբերի 3-ին լոմբարդային ռեպոները 10.5%-ից բարձրացան մինչև 21%, դեկտեմբերի 23-ին իջան մինչև 20%, իսկ 2015-ի հունվարի 22-ին` մինչև 17%: