Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2015 19:45
Նաիրա Բադալյան

ԱՄՆ դեսպան. Հայաստանում գոյություն ունեն իրական հնարավորություններ ամերիկյան բիզնեսի զարգացման համար

ԱՄՆ դեսպան. Հայաստանում գոյություն ունեն իրական հնարավորություններ ամերիկյան բիզնեսի զարգացման համար

Արմինֆո. Այս հանդիպումների ընթացքում ամերիկյան կողմի նպատակը Հայաստանում հրապուրիչ ներդրումային միջավայրի ձևավորումն է: Նոյեմբերի 17-ին Հայ-ամերիկյան առևտրաներդրումային խորհրդի առաջին նիստի բացմանն այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

Դեսպանի ասելով, ոչ ոք ԱՄՆ կամ Հայաստանի գործարարներին չի կարող հրամայել ներդրումներ կատարել Հայաստանում կամ ԱՄՆ-ում: Մենք ձգտում ենք ձևավորել այնպիսի հարմարավետ գործարար միջավայր, որպեսզի երկու երկրները հրապուրիչ լինեն ներդրումների համար, նշել է դեսպանը: Նրա ասելով, Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպես ` հարկային և մաքսային բարեփոխումները Հայաստանում, լիցենզավորման հարցերը և այլն: Ինչպես ընդգծել է դեսպանը, անցկացվող քննարկումների նպատակը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան գործարար միջավայրի ստեղծումն է: «Հայաստանում գոյություն ունեն իրական հնարավորություններ ամերիկյան բիզնեսի համար` համապատասխան աշխատանքի անցկացման և հարմարավետ պայմանների ապահովման պայմանով», - հայտարարել է Միլզը: Նրա կարծիքով, տվյալ պահի դրությամբ Հայաստանի կառավրությանն ու արդարադատության համակարգին անհրաժեշտ է հասնել հավասար մրցակցային պայմանների ապահովման բիզնեսի բոլոր մասնակիցների` ամերիկացիների, ֆրանսիացիների, ռուսների համար: «Մենք հետևողական կլինենք այդ նպատակների իրագործման հարցում», - ամփոփել է դեսպան Միլզը:

Այսօր Երևանում աշխատանքն է սկսել Հայ-ամերիկյան առևտրաներդրումային խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է ԱՄՆ առևտրի գծով ներկայացուցչի տեղակալ Բեթսի Հաֆների գլխավորած ամերիկյան պատվիրակությունը: Իրադարձությանը կհաջորդի հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի տարեկան նիստը: Նախատեսվում է հարցերի լայն շրջանակի քննարկում, որոնք առնչվում են մտավոր սեփականությանը, մաքսային ձևակերպմանը, առևտրի տեխնիկական խոչընդոտներին, սանիտարական վերահսկողությանը, ներդրումների խթանմանը, մասնավոր հատվածի մասնակցությանը, պետակնա գնումներին, ԱՀԿ առևտրի պարզեցման շուրջ համաձայնագրին և էկոլոգիային:

Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական աշխատանքային խումբը ձևավորվել է 1999 թվականին: Այդ ձևաչափով ամեն տարի անցկացվում են կառավարական պատվիրակությունների մակարդակի հանդիպումներ, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ տնտեսական կապերի խորացման հնարավորությունները, շուկայական բարեփոխումների իրականացման ուղիները, ինչպես նաև` թե ԱՄՆ կառավարությունն ինչպես կարող է առավելագույնս արդյունավետ օգտագործել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և երկու երկրների միջև առևտրի խթանման նպատակով: Բացի այդ, մայիսին Հայաստանն ու ԱՄՆ ստորագրել են շրջանակային առևտրաներդրումային համաձայնագիր, որի շրջանակում էլ ձևավորվել է Հայ-ամերիկյան առևտրաներդրումային խորհուրդը: Այն կոչված է բացահայտելու նոր ոլորտներ` երկկողմ ներդրումների և առևտրի համար, աշխատելու դրանց զարգացման և հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ: