Երկուշաբթի, 18 Հունվարի 2016 19:23
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Հայաստանին արտահանման նոր շուկաներ կբացի

Փորձագետ. Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Հայաստանին արտահանման նոր շուկաներ կբացի

Արմինֆո. Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Հայաստանին արտահանման նոր շուկաներ կբացի, բայց թե որքանով Հայաստանը կշահի դրանից, կախված է միայն հայկական ապրանքների մրցունակությունից: Հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

«Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը, ընդհանուր առմամբ, գնահատվում է դրական: Բայց, այնուամենայնիվ, չպետք է լինել չափազանց լավատես, քանի որ մենք կարող ենք Իրան արտահանել ապրանքների սահմանափակ տեսականի: Ըստ իրականացված դիտարկումների, Հայաստանից դեպի Իրանի արտահանումներում առաջնահերթություն կարող են լինել լեռնահումքային և պարենային ապրանքները: Բացի այդ, Իրանի հետ համագործակցություն կարող է սահմանվել նաև էներգետիկ ոլորտում»,-նշել է Բ.Թունյանը, պարզաբանելով, որ ստեղծված հնարավորություններից Հայաստանը կարող է օգտվել այնքանով, որքանով թույլ կտա Իրանը:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2015 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է $ 249,6 մլն, տարեկան անկումը`5.3%: Մասնավորապես, ապրանքների արտահանումը Հայաստանից Իրան կրճատվել է 8,2%, մինչև $ 71.1 մլն, իսկ ներմուծումը 4,1%, մինչև $ 178,5 մլն: