Հինգշաբթի, 4 Փետրվարի 2016 20:00
Ալինա Հովհաննիսյան

Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է

Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է

Արմինֆո.  ՀՀ Ազգային Ժողովում հնչած ՛՛ՊրոԿրեդիտ բանկը փակելու և հարյուրավոր մարդկանց դուրս թողնելու՛՛ վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է.

2015թ. դեկտեմբեր ամսին Ինեկոբանկ ՓԲԸ-ն ձեռք է բերել ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի՝ ՊրոԿրեդիտ Միջազգային Հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այդ գործարքի հիմքում ընկած է եղել ոչ թե ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ կամ ՊրոԿրեդիտ միջազգային Հոլդինգի անկարողությունը համապատասխանելու ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված պահանջներին, այլ` շուկայական դիրքերի ամրապնդման և զարգացման նոր հնարավորությունների ստեղծման տեսլականը:

ՀՀ բանկային ոլորտի երկու խոշոր ներկայացուցիչների միավորման առաջին իսկ արդյունքը եղավ Միկրո և ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար:

Միավորման գործարքի կայացման կարևոր նախադրյալներից էր երկու բանկերում կորպորատիվ կառավարման մշակույթների նմանությունը և արհեստավարժ թիմերի առկայությունը, որոնք, ըստ էության, կարելի է համարել Ինեկոբանկ ՓԲԸ կողմից ձեռք բերված ամենակարևոր ակտիվները:

Հարկ ենք համարում ընդգծել, որ բիզնես միջավայրում նմանատիպ գործարքներին հաջորդում են միավորվող ընկերությունների ինտեգրման գործընթացներ, մասնավորապես՝ ընկերությունների ռեսուրսների ինտեգրում՝ հաշվի առնելով բիզնեսի ծավալների մեծացումը և զարգացման հնարավորությունները:

Այդ գործընթացներն արդեն ընթանում են, և մենք վստահ ենք, որ դրանց ավարտին մենք կունենանք ավելի ուժեղ բանկ, որն իր էական ներդրումը կունենա ՀՀ տնտեսության զարգացման գործում: