Ուրբաթ, 5 Փետրվարի 2016 17:22
Կարինա Մելիքյան

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է վարկային պատմության մեջ ընդգրկել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ժամկետների խախտումները

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է վարկային պատմության մեջ ընդգրկել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ժամկետների խախտումները

Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է ավտոսեփականատերերի վարկային պատմության մեջ ընդգրկել ԱՊՊԱ գծով պայմանագրերի կնքման ժամկետների խախտումները: Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: 

«Բյուրոն առաջարկում է պայմանագրերի կնքման ժամկետների խախտումները դիտարկել որպես վարկունակության ինդիկատոր: Դա նշանակում է, որ ձգձգումները կարող են նաև ազդել ավտոսեփականատերերի վարկային պատմության վրաե,-պարզաբանել է Վ.Ավետիսյանը:

Նա նշել է, որ ժամանակին ԱՊՊԱ օայմանագրեր չկնքած ավտոսեփականատերերը լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծում Բյուրոյի համար, քանի որ մեծացնում են երաշխավորված միջոցների բեռնվածությունը և սպառնում դրա կայունությանը: Ինչպես հայտնի է, Բյուրոն փոխհատուցում է ԱՊՊԱ պայմանագրեր չունեցող ավտոսեփականատերերի կողմից երրորդ անձանց հասցված վնասը:

«Վարչական տույժերից բացի, Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է ճշգրտել սակագները: Մասնավորապես, ժամանակին ԱՊՊԱ պայմանագրեր կնքած ավտոսեփականատերերը կստանան սակագնային խրախուսումներ, իսկ ուշացածների համար կինեն խստացումներե,-նշել է Բյուրոյի ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ մինչև ԱՊՊԱ համակարգի ներդրումը Հայաստանում վթարների վիճակագրությունը վարվում էր ոչ ճշգրիտ: Մասնավորապես, այն ժամանակ տարեկան գրանցվում էր մոտ 2 հազար ՃՏՊ, մինչդեռ այժմ գրանցված տարեկան ՃՏՊ-ների թիվը հասնում է 40-45 հազարի:

Նշենք, որ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտաքիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգը գործում է Հայաստանում 2011 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն հիմնվել է 2010 թվականի հունսի 28-ին Կենտրոնական բանկի որոշմամբ, որը հանդիսանում է ինքնակառավարվող կազմակերպություն, վերահսկում է Բյուրոյի անդամ ապահովագրողների գործունեությունն ԱՊՊԱ ոլորտում պաշտպանում տուժածների շահերը և ապահովում ԱՊՊԱ համակարգի կայունությունը և զարգացումը:  Բյուրոյի անդամ են այսօր Հայստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները: