
Արմինֆո. 2015 թ. արդյունքներով, հանրապետությունում, պաշտոնական տվյալներով, արձանագրվել է զբոսաշրջային հոսքի 1% նվազում՝ մինչև 1 192 120, ինչն առավելապես պայմանավորված էր Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքի նվազմամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ ՌԴ-ից Հայաստան այցերի դինամիկան միշտ դրական միտում է ունեցել:
Ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի նվազման հետ կապված իրավիճակն Ապրեսյանը բացատրել է Ռուսաստանի տնտեսական անկայունութամբ, մասմավորապես՝ ռուբլու արժեզրկմամբ: Ըստ որում, նա ընդգծել է, որ 2015 թ. 9 ամսում ՌԴ-ից զբոսաշրջային հոսքը կրճատվել է տարեկան կտրվածքով 6%-ով, միաժամանակ արձանագրվել է զբոսաշրջիկների թվի աճ Իրանից՝ 24%-ով, ԱՄՆ-ից՝ 40%-ով, և աննշան աճ Մեծ Բրիտանիայից Ավստրալիայից, ԱՄԷ-ից, Իրաքից:
Նրա խոսքով, ընթացիկ տարում Հայաստանը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը ՌԴ հետ՝ նպաստելով զբոսաշրջային փոխգործակցության զարգացմանը ոչ ստանդարդ մոտեցումների ներդրման միջոցով, որոնք այժմ ակտիվորեն քննարկվում են գերատեսչությունում: Միաժամանակ 2016 թ. նախատեսվում է ակտիվորեն աշխատել Չինաստանից և Իրանից զբոսաշրջիկների ներգրավման ուղղությամբ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միայն 2015 թ. IV եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 256 572 մարդ, ինչը 3,2%-ով ավելի քիչ է՝ 2014 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

