Երեքշաբթի, 16 Փետրվարի 2016 17:25

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ՙֆուրերի պատերազմը՚ Հայաստան բեռնահոսքերի վրա էական ազդեցություն չի ունենա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ՙֆուրերի պատերազմը՚ Հայաստան բեռնահոսքերի վրա էական ազդեցություն չի ունենա

Արմինֆո. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ՙֆուրերի պատերազմը՚ Հայաստան ապրանքների հոսքերի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի խոշորագույն «Սպայկա՚ բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով, բեռնատար ավտոմեքենաների համար ռուս-ուկրաինական սահմանի արգելափակումը կարող է հանգեցնել Հայաստանի համար կորուստների, բայց այդ վնասներն աննշան կլինեն: Նրա խոսքով, ուկրաինական գրեթե բոլոր բեռները Հայաստան են ստացվում Իլիչևսկ /Ուկրաինա/-Փոթի /Վրաստան/ լաստանավային գետանցով, իսկ ծովային բեռնափոխադրումը, ինչպես հայտնի է, ապրիորի ավելի էժան է: Նա նշել է, որ անուղղակիորեն կարող են տուժել միայն տարանցիկ բեռնափոխադրողները, բայց ամեն դեպքում նման շոկային իրավիճակներն անցանկալի են:  

 

ՙԱպավեն՚ տրանսպորտային ընկերությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ այդ ուղղությամբ չեն աշխատում, բայց, այնուամենայնիվ, կարծիք են հայտնել, որ  իրավիճակն անցանկալի է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՊՀ այլ երկրների համար: ՙԴեռ վաղ է գնահատել, թե Հայաստանի այդ երկու խոշոր առևտրային գործընկերների միջև տրանսպորտային ճգնաժամը կվնասի արդյոք մեր տնտեսությանը՚,- ընդգծել են ընկերությունում:

 

Տնտեսագետների գնահատականների համաձայն՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը բավական բարձր է, որում հիմնական մասը բաժին է ընկնում Հայաստան ուկրաինական ապրանքների ներմուծմանը, այդ թվում՝ արագ փչացող ապրանքների, որոնք ծանրակշիռ մաս են կազմում Հայաստանի մանրածախ առևտրի շրջանառությունում: Հայաստան մատակարարումներ հիմնականում իրականացնում են ուկրաինական բեռնափոխադրող ընկերությունները, ինչպես նաև ռուսական ընկերությունները՝ տարանցմամբ:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանն ամբողջովին կասեցրել է իր տարածքով ուկրաինական բեռնատարների տարանցումը՝ այն բանից հետո, երբ ուկրաինական ազգայնական կազմակերպությունների ակտիվիստները փետրվարի 12-ին սկսել են արգելափակել ռուսական բեռնատարների մուտքը:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը 2015 թ. արդյունքներով կազմել է $130.9 մլն՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 38,4%-ով: Ուկրաինայի հետ առևտրի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտաքին

առևտրաշրջանառությունում կազմել է 2,8%: