Հինգշաբթի, 18 Փետրվարի 2016 14:26
Կարինա Մելիքյան

ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ

ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ

Արմինֆո. Այսուհետ ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել առանց ապահովագրական ընկերությունների, ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ: Փետրվարի 18-ին ՀՀ կառավարության նիստում նման առաջարկով է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որն արժանացել է կառավարությնա հավանությանը:

 

Այսպիսով, ՃՏՊ մասին ապահովագրողին տեղեկացնելուց հետո պատահարի մասնակիցները կարող են փոխադարձ համաձայնեցված հայտարարագրի միջոցով գալ համաձայնության, դրան կցելով պատահարի վերաբերյալ լուսանկարները և այդ փաթեթն ուղարկել համապատասխան ապահովագրական ընկերությանը:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ԿԲ այդ նախաձեռնությունը, նշելով, որ այն ոչ միայն պարզեցնում է ու արագացնում ապահովագրական պատահարի գրանցման ընթացակարգը, այլ նաև նվազեցնում պատահարների արդյունքում առաջացող խցանումները ճանապարհներին, որոնք առաջանում են ապահովագրողներին երկար սպասելու արդյունքում: Նա տեղին է համարել նշել նաև, որ 2015 թվականին ավտոմեքենաներով արձանագրվել է մինչև 50 հազար դրամ գումարի 6000 ապահովագրական պատահար, 2014 թվականի 9500 պատահարի փոխարեն: Կարևորելով ընդունված որոշումը Հովիկ Աբրահամյանն, այնուհանդերձ, ԿԲ նախագահին առաջարկել է աշխատանքներ տանել ապահովագրական ընկերությունների հետ և բարձրացնել սահմանված գումարի շեմը՝ գոնե մինչև 100 հազար դրամ, քանի որ նման պատահարները կազմում են ընդհանուր պատահարների 32%-ը: Բայց ինչպես նշել է ԿԲ նախագահը, ապահովագրական ընկերությունները դեռ պատրաստ չեն դրան, և որոշվել է այդ հարցին անդրադառնալ 2-3 ամսից:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2015 թվականին ԱՊՊԱ գծով արձանագրվել է 41920 պատահար, 2014 թվականի 50601 պատահարի համեմատ: 2015 թվականին ԱՊՊԱ գծով ապահովագրական ընկերւթյունները հատուցել են 8,5 մլրդ դրամ, 2014 թվականի 9.8 մլրդ.դրամի փոխարեն: Ապահովագրության այս դասում առաջատարն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, որն ապահովել է հատուցումների շուկայի ընդհանուր ծավալի ավելի քան 35% -ը: Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ», «ԻՆԳՈ Արմենիա», ՌԵՍՈ, «Նաիրի Ինշուրանս», «ՍԻԼ Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս: Հայաստանի ապահովագրական ընկերություններն աշխատում են ապահովագրական 19 դասերից 17-ով, բացառությամբ երկաթուղային տրանսպորտի ապահովագրությունից և դատական և արտադատական ծախսերի ապահովագրություննից: