Ուրբաթ, 19 Փետրվարի 2016 19:18

2015 թվականին պետական գույքով կնքվել է 2.875 մլրդ.դրամի պայմանագիր, արձանագրելով տարեկան 33.4% աճ

2015 թվականին պետական գույքով կնքվել է 2.875 մլրդ.դրամի պայմանագիր, արձանագրելով տարեկան 33.4% աճ

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հաշվետու տարում կատարել է ՀՀ կառավարության՝ 2015 թ. գործունեության ծրագրով սահմանված միջոցառումները: Մասնավորապես, մշակվել և կառավարություն են ներկայացվել իրավական ակտեր՝ ուղղված պետական գույքի կառավարման, այդ թվում՝ մասնավորեցման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կարգավորման և լուծարման ոլորտում քաղաքականության արդյունավետության  բարձրացմանը:

Արման Սահակյանը ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել 2015 թ. պետական գույքի հաշվառման, մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցների վերաբերյալ: Նրա խոսքով՝ 2015 թ. ստացված միջոցները կազմել են 2 875 349.2 հազ. ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 2 787 025.1 հազ. ՀՀ դրամ, համայնքային բյուջեներ՝ 29 141.8 հազ. ՀՀ դրամ, իսկ ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 47 440.5 հազ. ՀՀ դրամ, Վարչության արտաբյուջե՝ 11 000.5 հազ. ՀՀ դրամ: 2015 թ. ստացված դրամական միջոցները 2014 թ. համեմատ ավելացել են 720 513.8 հազ. ՀՀ դրամով. աճը կազմել է 33.4 տոկոս:

Վարչապետը դրական է գնահատել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության 2015 թ. գործունեությունը՝ նշելով, որ հաշվետու տարում նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը միաժամանակ կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության էլ ավելի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ անհրաժեշտ համարելով գույքագրման, ինչպես նաև մյուս գործընթացների պատշաճ կազմակերպումը: