Երկուշաբթի, 29 Փետրվարի 2016 15:14

Հայաստանի անշարժ գույքի շուկան մեռյալ կետից կշարժի երկու տարուց ոչ շուտ

Հայաստանի անշարժ գույքի շուկան մեռյալ կետից կշարժի երկու տարուց ոչ շուտ

Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայի ստագնացիան առնվազն դեռ երկու տարի կպահպանվի: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը:

 

Նրա խոսքով, շուկայի լճացումը կպահպանվի գլոբալ քաղաքական-տնտեսական իրավիճակի, գործընկեր-երկրների, հատկապես Ռուսաստանի, վիճակի վատթարացման պատճառով, ինչի հետևանքով կրճատվել են դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը և բնակչության եկամուտները: Դրան գումարվում են նաև ավանդական զսպող գործոնները, այդ թվում, հարևան երկրների անբարյացակամությունը և տնտեսական մեկուսացումը:

 

«Ցավոք, 2016 թվականի կանխատեսումները մխիթարիչ չեն: Անշարժ գույքի գործակալությունները, որպես շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ, սպասում են, թե երբ շուկան կհասնի ինչ-որ նվազագույն հատակի, որից հետո միայն հնարավոր կլինել դանդաղ և աստիճանաբար աճը»,-ասել է Մ.Չատինյանը:

 

Խոսելով վերջին տարիների միտումների մասին, մասնագետը նշել է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան ճգնաժամային 2008 թվականից հետո ենթարկվել է արմատական փոփոխությունների: Առաջին հերթին, մեծ թվով ռիելտրներ, որոնք հանդիսանում էին աճի կատալիզատորներ, դադարեցրեցին իրենց գործունեությունը: Երկրորդ, երկրում առկա գործարար-միջավայրի վատթարացման հետևանքով ավելացել են կոմերցիոն տարածքների և օբյեկտների վաճառքի և վարձակալության առաջարկները: Երրորդ, կտրուկ ընկել են անշարժ գույքի գները մայրաքաղաքի շրջակայքում, իսկ մայրաքաղաքի կենտրոնական մասում, հակառակը, պահպանվում են անշարժ գույքի բարձր գները: «Փաստորեն, առաջարկների մեծ մասն ընկնում է անշարժ գույքերին, որոնք ենթակա են ցածր գնով շտապ վաճառքի, ինչպես նաև վաճառողի ուզած գնով վաճառվելիք անշարժ գույքին, որոնք վաճառքի ենթական են ավելի երկար ժամկետի ընթացքում: Սակայն, նշված պայմաններից ոչ մեկը ներկայիս պայմաններում չի կարող երաշխավորվել»,-նշել է փորձագետը:

 

Նրա խոսքով, վերջին մի քանի տարիներին դիտվել է անշարժ գույքով կատարված գործարքների թվի շարունակական անկում, և 2015 թվականն այդ առումով բացառություն չէր: Շուկային լավատեսություն և ակտիվություն չհաղորդեց նաև Ռուսաստանից աշխատանքային միգրանտների ներհոսքը, ինչպես դա տեղի ունեցավ նախաճգնաժամային փուլում: «Հայաստանի անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակը հիշեցնում է ճգնաժամային 1998 թվականը, բայց հիմա ամեն ինչ շատ ավելի տխուր է»,-ասել է Մ.Չատինյանը:

 

Նշենք, որ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի պետկադաստրի տվյալներով, 2015 թվականին Հայաստանում բնակարանները թանկացել են 0.2%, իսկ մասնավոր տների գները չեն փոխվել: Երևանում բնակարանների գները բարձրացել են 0.2%, կազմելով 274.2 հազար դրամ/1քմ, իսկ մասնավոր տների գները կազմել են 287 հազար դրամ/1քմ: Նույն դինամիկան է արձանագրվել  նաև մարզերում, որտեղ բնակարանները թանկացել են 0.2%, իսկ մասնավոր տների գները մնացել են 2014 թվականի մակարդակում:

 

2015 թվականին Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 180 944 գործարք, ինչը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 15.5%: Գործարքների ընդհանուր թվում օտարման գործարքները կազմել են 27.6% կամ 50 023 գործարք, որի 72.8%-ը կազմել են առքուվաճառքի գոծարքները: Բնակարանների առքուվաճառքի գործարքները հանրապետությունում միջին հաշվով կրճատվել են 14.7%, իսկ մասնավոր տների առքուվաճառքի գործարքները` 17.4%: