Շաբաթ, 5 Մարտի 2016 09:34
Սվետլանա Հովսեփյան

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ոչ մեծ միջամտությունները միայն կարճաժամկետ կայունություն են ապահովում արտարժույթի փոխարժեքին

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ոչ մեծ միջամտությունները միայն կարճաժամկետ կայունություն են ապահովում արտարժույթի փոխարժեքին

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ոչ մեծ միջամտությունները միայն կարճաժամկետ կայունություն են ապահովում արտարժույթի փոխարժեքին: Այսպես, ընթացիկ տարվա առաջին կեսին ԿԲ արտարժույթի միջբանկային շուկայում ամեն օր կատարում էր ոչ մեծ միջամտություններ (1-3 մլն.դոլարի սահմաններում), այդ օրերին դրամն ամրապնդելով`492-ից մինչև 489 դրամ/դոլար, բայց հինգշաբթի օրվանից միջամտությունները դադարեցին և դրամը կրկին սկսեց արժեզրկվել և ուրբաթ օրը կրկին հասավ 492 մակարդակին:

Դրամը, հունվարին դոլարի նկատմամբ արժեզրկվելով` 482 դրամից մինչև 489 դրամ/դոլար, շարունակեց թուլանալ նաև հաջորդ ամիս, փետրվարի 12-ին, ԿԲ միջամտության պահին, հասնելով 496 դրամ/դոլար մակարդակ, որին հետևեց աստիճանաբար արժևորումը, իհարկե, ոչ առանց ԿԲ միջամտության: Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան փետրվարին, ինչպես նաև մարտի առաջին շաբաթում, չի գործել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան փետրվարի ընթացքում ակտիվ գործում էր, և գրեթե ամեն շաբաթ, ԿԲ միջամտությունների հաշվին, ցուցադրում նորմալ ծավալներ, այդ թվում նաև ընթացիկ շաբաթ ցուցադրելով 8.2 մլն.դոլարի ծավալ`490.65 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով: Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մն.դոլար, իսկ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին`22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար:

 

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) փետրվարի 29-ից մարտի 4-ը բանկերը գնել են 78.6 մլն դոլար (շաբաթվա աճը`23%), 490.18 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 81.6 մլն դոլար (շաբաթվա աճը`61%), 491.87 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 5.5 մլն եվրո (շաբաթվա աճը`3.8%), 532.29 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 9.7 մլն եվրո (շաբաթվա անկումը`48%), 536.59 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է նաև 888.7 մլն ռուբլի (շաբաթվա աճը`30%), 6.54 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 487.9 մլն ռուբլի (շաբաթվա աճը` 35%), 6.68 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:

 

Նախորդ շաբաթ (փետրվարի 22-26-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 46.3 մլրդ դրամի և 73.4 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (փետրվարի 15-19-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել`2.7%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`52%:

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները  դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, չնայած ԿԲ շաբաթական միջամտություններին, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, մարտի 4-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 492 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 538 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 6.8 դրամ/ռուբլի մակարդակ: