Ուրբաթ, 11 Մարտի 2016 17:55
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ գյուղնախարար. պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը

ՀՀ գյուղնախարար. պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ոլորտի  ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցում էր նաև «Կաթնամթերք արտադրողների միությանե նախագահ Խաչատուր Պողոսյանը:

«Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունենե, – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում նախարարն առաջին հերթին կարևորել է մթերման գործընթացի ճիշտ կազմակերպումը և համապատասխան հաշվարկների իրականացնելուց հետո կաթի մթերման խելամիտ նվազագույն գնի սահմանումը, որը պետք է լինի շահավետ թե' մթերող կազմակերպությունների և թե' տնտեսվարող սուբյեկտների համար։

Միաժամանակ Սերգո Կարապետյանը ընդգծել է արտադրվող կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի տեսականու դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկայում:

Անդրադառնալով մթերված կաթի դիմաց ֆերմերային տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման խնդրին` նախարարը հորդորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել մթերված ապրանքի դիմաց վճարումների իրականացումը:

Տեղեկացնելով, որ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրերի շրջանակում հանրապետությունում արդեն իսկ ձևավորվել է շուրջ 150 կոոպերատիվ՝ նախարարը շեշտել է, որ պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում նախարարն առաջարկել է վերամշակող ընկերություններին մթերումներն իրականացնելիս ակտիվորեն համագործակցել այդ կոոպերատիվների հետ` նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ընթացիկ տարվա կաթի մթերումների կազմակերպման նպատակով կազմված օրինակելի պայմանագրերի ձևը, որով կամրագրվեն կաթի մթերման գնի նվազագույն շեմը և վճարման ժամկետները: Պայմանագրի օրինակելի ձևն արդեն քննարկվել է մի շարք գերատեսչությունների հետ և առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը: 

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով հնարավոր կլինի գտնել այդ հարցերի լուծման ուղիները: