Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2016 19:07
Ալինա Հովհաննիսյան

ԱՄՀ-ն Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչև 2.25-2.5 տոկոս

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչև 2.25-2.5%, նախկինում կանխատեսված` 2.2% փոխարեն: Ինչպես ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Հոսեյն Սամիեյին, Հայաստանի տնտեսական աճը գերակայում է Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կանխատսման ցուցանիշների նկատմամբ, որոնց կանխատեսումները գտնվում են 1-1,5% միջակայքում:

Նրա խոսքով, Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը 2016 թվականին նախորդ տարվա համեմատջ կլինեն մի փոքր ավելի դանդաղ, բայց Հ.Սամիեյին հույս է հայտնել, որ ընթացիկ տարում կբարելավվի այն ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են երկրի տնտեսական զարգացմանը: Նա նաև նշել է. «Չնայած բազմաթիվ արտաքին ցնցումներին, որոնց ենթարկվեց Հայաստանը 2015 թվականին, տնտեսությունը, այնուամենայնիվ, կարողացավ ցուցադրել 3% աճ»:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումներով 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճն ակնկալվում է`2.5%: Ըստ ՎԶԵԲ-ի կանխատեսման, Հայաստանի տնտեսական աճը 2016 թվականին կկազմի 2%: ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով, ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2016 թվականին վերանայվել է դանդաղեցման կողմը`3.2-3.9%-ից մինչև 1,6-2,7%: ՀՀ պետական ​​բյուջեով 2016 թվականին ՀՆԱ աճը կկազմի 2.2%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կազմել է 3%, 2014 թվականի 3.5%-ի համեմատ: