Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2016 19:45
Ալինա Հովհաննիսյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում բարձրացվել է ԵԱՏՄ-Չինաստան երկխոսության համար նոր ձևաչափի հարցը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում բարձրացվել է ԵԱՏՄ-Չինաստան երկխոսության համար նոր ձևաչափի հարցը

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը: Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով: 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Դմիտրի Մեդվեդևի առաջարկով, Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ 2016թ. մայիսի 20-ին: