
Արմինֆո. ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի, ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7.6 մլրդ ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիական և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. - 155, 2017թ. - 165 և 2018թ. - 175 հազ. դրամ:
Նշենք, որ «Սպայկա» ՍՊԸ-ն իր գործունեությունն սկսել է 2001 թվականից, որպես միջազգային բեռնափոխադրող: 2010 թվականից ընկերությունն տարածաշրջանային մակարդակով առաջատար դիրքեր է զբաղեցնում բեռնափոխադրումների ծառայությունների ոլորտում: Ընկերությունն աշխատում է ԱՊՀ խոշորագույն մանրածախ ցանցերի հետ: Մթերումներն ընկերությունն իրականացնում է հանրապետոթյան ավելի քան 7 հազար ֆերմերային տնտեսությունների հետ: Ընկերության ապրանքային տեսականին ներառում է` ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, խաղող, տանձ, ինչպես նաև ջերմոցային և բանջարաբոստանային մշակաբույսեր: Ընկերության ապրանքներն իրացվում են «Արարատ ֆրուտ» և «Արարատ ֆուդ» ապրանքանիշներ ներքո, իսկ ավտոպարկը բաղկացած է 115 բեռնատարներից: Ընկերությունն ունի նաև սառնարանային համալիր, որի տարողությունը կազմում է 5 հազար տոննա: