Երկուշաբթի, 2 Մայիսի 2016 20:50
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ երկու երկրների միջև Հայաստանի անկախացումից հետո գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել է փոխշահավետ համագործակցություն` նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի առաքելության ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կամրապնդվեն:

«Հայաստանի անկախացումից հետո Գերմանիայի հետ գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն: Այս առումով կցանկանայի հատկապես նշել Գերմանիայի համագործակցության կազմակերպության (GIZ) և Գերմանիայի զարգացման բանկի (KfW) աջակցությամբ վերջին տարիներին իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը», - ողջունելով հյուրին նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Գերմանիայի համագործակցության կազմակերպության կողմից անտառվերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի և Մաստարայի ջրամբարների վերակառուցումը:

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ընդգծել, որ ոլորտի զարգացման գրավականը գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերատիվների ստեղծումն է և այս առումով Գերմանիայի փորձը Հայաստանի համար կարող է օրինակելի լինել: 

Նախարարը հույս է հայտնել, որ ագրարային բնագավառում Հայաստանի և Գերմանիայի փոխգործակցությունը առաջիկայում ավելի կխորանա և կընդլայնվի: Որպես երկկողմ համագործակցության հնարավոր ուղիներ նախարարը, մասնավորապես, մատնանշել է գինեգործության, ձկնաբուծության ոլորտները, գյուղատնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, տեղում համատեղ ընկերությունների միջոցով ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել առավելագույն ջանքեր` ի նպաստ երկու պետությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության ընդլայնման:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Գերմանիայի միջև 2015 թվականինկազմել է 347 մլն.դոլար, տարեկան անկումը`21,5%: Ընդ որում, արտահանումը կազմել է 145,1 մլն.դոլար, տարեկան կտրվածքով նվազելով 8.5%, իսկ ներմուծումը նվազել է 28.7%, մինչև 201,8 մլն.դոլար: Հարկ է նշել, որ ԳերմանիայիցՀայաստանի տնտեսություններդրումների զուտ ներհոսքը 2015-ինկազմել է 26,8 մլրդ դրամ (մոտ 54 մլն եվրո):