Արմինֆո. Ռուսաստանի տնտեսական աճի բացասական տրենդը Հայաստանի տնտեսական աճի տեմպերը պահում է ցածր մակարդակում: Այս մասին մայիսի 11-ին, Տնտեսական լրագրողների ակումբի և Kondard Adenauer Stiftung ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
«2.25-2.5% տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ, քանի որ, այնուամենայնիվ, դա աճ է, բայց այդ տեմպը չի կարելի համարել բավարար: Հայաստանի տնտեսոթյունը կարող էր արձանագրել 3-4% աճ»,-նկատել է ԱՄՀ ներկայացուցիչը, միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՀ-ն առայժմ մտադիր չէ վերանայել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը:
Այս համատեքստում Սանչեսը նշել է, որ հաջորդ անգամ ԱՄՀ-ն տնտեսական աճի իր կանխատեսումը կնորացնի այս տարվա սեպտեմբերին, լիակատար դիտարկումներից և վերլուծություններից հետո:
Նշենք, որ համաձայն համաշխարհային տնտեսության նորացված զեկույցի (World Economic Outlook Update, WEO), 2016 թվականին ԱՄՀ-ն կանխատեսում է Ռուսաստանի տնտեսության 1.8% անկում, նախկինում կանխատեսված`1%-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել էր Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև 2.25-2.5%, նախկին` 2.2% փոխարեն: Համաշխարհային բանկը Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի 2.5% աճ: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը կանխատեսում է 2% աճ: ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ վերանայել է Հայաստանի ՀՆԱ 2016 թվականի աճի կանխատեսումը` 1.6-2.7%-ից մինչև 1.5-2.6%: 2016 թվականի համար ԿԲ կանխատեսում է ֆիզիկական անձանց տրանսֆերտների 9-12% անկում (դոլարով), պայմանավորելով դա Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսման վերանայումով, ինչպես նաև ռուսական ռուբլու այս տարվա հունվարին տեղի ունեցած հերթական արժեզրկումով: ՀՀ 2016 թվականի պետբյուջեով ՀՆԱ աճը կանխատեսված է 2.2%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 3%, 2014-ի 3.5%-ի փոխարեն: Ըստ վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվությունը 2016-ի առաջին եռամսյակում աճել է 5.6%, 2015-ի 2.5% փոխարեն: