Չորեքշաբթի, 25 Մայիսի 2016 20:08
Նաիրա Բադալյան

Ucom ընկերությունն իր սեփական ցանցի վերազինմանը կուղղի ավելի քան 30 մլրդ.դրամ

Ucom ընկերությունն իր սեփական ցանցի վերազինմանը կուղղի ավելի քան 30 մլրդ.դրամ

Արմինֆո. 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտի Ucom ընկերությունը միայն իր սեփական ցանցի վերազինմանը կուղղի ավելի քան 30 մլրդ.դրամ, որից 15-20 մլրդ.դրամն արդեն ներդրվել է: Մայիսի 25-ին այս մասին հայտարարել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Նրա խոսքով, ներկայումս ընկերությունն աշխատում է տարբեր ուղղություններով: «Առաջին պրոդուկտը, որը մենք կթողարկենք, կապված կլինի շարժական կապի սպասարկման հետ, դա կլինի Upay վճարա-հաշվարկային համակարգը»,-ընդգծել է Եսայանը:

Նա նշել է, որ որոշ նորամուծություններ կլինեն հեռուստատեսության ոլորտում: «Հայաստանում Ucom ընկերությունն առաջինն էր, որ ներդրեց IP-հեռուստատեսությունը: Մենք կշարունակենք կատարելագործել այդ ուղղությունը: Նորամուծություններ կլինեն նաև Mobile հեռուստատեսության ոլորտում»,-հաղորդել է նա, հավելելով, որ սպասարկման նոր որակն արդեն մատչելի կդառնա առաջիկա ամիսներին:

Պատասխանելով ընկերության կողմից 4G/LTE համակարգի ներդրման վերաբերյալ հարցին, նա նշել է, որ ներկայիս փուլում համակարգի աշխատանքն ստուգվում է թեստային ռեժիմում: «Թեստավորման արդյունքներից մենք շատ ու շատ գոհ ենք»,-հայտարարել է նա: 300 մ/բիտ և ավելի արագությունը ձեռք կբերվի նոր ագրեգացիոն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում: 4G/LTE ցանցի բազային կայաններ կկառուցվեն Երևանում և մարզերում: Նա տեղեկացրել է, որ բարձր արագությունների հասնելու համար նախատեսվում է մի քանի հաճախականությունների օգտագործում: «Սա բջջային կապի նոր տրենդ է, և ոչ բոլոր հեռախոսներն են ընդունում կապի այս տեսակը, բայց մենք աշխատում ենք այդ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, որպեսզի մեր բաժանորդները հետ չմնան միջազգային տրենդներից»,-նշել է նա: Եսայանը նշել է նաև, որ իրականացվում է 3G ցանցի ընդլայնում և 900 բազային կայանների վերազինում: Եսայանի խոսքով, առաջիկա 2 տարիներյն նախատեսվում է ծածկույթը տարածել Հայաստանի ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ հայկական «Յուքոմ» ընկերությունը(Universal Communications) հիմվել է 2007 թվականին: «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ»  ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր: