
Արմինֆո. Առաջիկայում փոփոխություններ չեն լինի ԵԱՏՄ շրջանակներում կատարվող փոխադարձ հաշվարկների գծով: Այս մասին մայիսի 26-ին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրասիական համագործակցության Ֆինանսա-բանկային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Բերեզովոյը, հղում կատարելով ասոցիացիայի և Ովրասիական հանձնաժողովի վերջերս կայացած համատեղ նիստին:
«Նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 18-ին, մենք քննարկեցինք ֆինանսա-տնտեսական համագործակցոթյունը, ինչի արդյունքում այդ հարցով փոփոխություններ տեղի չունեցան: Փոխադարձ հաշվարկները ԵԱՏՄ շրջանակներում տեղի են ունենում երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, ինչն իրականում մեծ պրոբլեմ է տնտեսությունների համար»,-ասել է նա, նշելով դոլարիզացման մակարդակի բարձրացումը երկրներից յուրաքանչյուրում:
Իր հերթին, Ղազախստանի Բանկերի ասոցիացիայի ղեկավար Մարատ Բայտոկովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նկատել է, որ ներկայումս ԵՏՀ աշխատում է տնտեսությունների փոխներգրավվածության և ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ հաշվարկների պարզեցման ուղղությամբ: Նա ընդգծել է Մաքսային միության մասնակիցների արժույթների արժեքների գնահատման կարևորությունը, ինչը կարիք ունի թափանցիկության, հատկապես ապրանքաշրջանառության մեծացման պայմաններում: Այնուհետև նա հայտարարել է. «Միասնական արժույթի մասին խոսելը դեռ վաղ է, ինչը կապված է մի շարք պրոբլեմների հետ, որոնցից ամենակարևորը` ֆինանսական համակարգերի գնահատումն է և օրենսդրությունների ներդաշնակեցումը: Կարծում եմ, որ մինչև 2025 թվականը խոչընդոտներ չեն լինի ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի ներդրման առումով»: