
Հայաստանի ՓՄՁ ընդամենը 60% են ակտիվ հարկատուներ, որոնք ապահովում են երկրի ՀՆԱ 2%-ը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանը: Այդ համատեքստում փորձագետը նշել է, որ առաջիկա 3-4 տարիներին իրավիճակը չի փոխվի, քանի դեռ չեն իրականացվել Հայաստանում ՓՄՁ ոլորտի բարելավմանը նպատակաուղղված բավականաչափ ծավալի աշխատանքներ: Միայն այդ ժամանակահատվածից հետո, նշել է նա, ՓՄՁ ոլորտը կարող է լուրջ դերակատարում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործընթացում:
Ինչպես կարծում է փորձագետը, ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը ոչ թե ՓՄՁ գործունեության կարգավորմանն առնչվող բուն օրենդրությունն է, այլ դրա անարդյունավետ կիրառումը, մասնավորապես, ձեռներեցների իրավունքների պաշտպանության բնագավառում: «Եթե հակիրճ սահմանենք պրոբլեմը, որը խոչընդոտում է ՓՄՁ ոլորտի բնականոն զարգացմանը, ապա դա քաղաքական կամքի բացակայությունն է: Ինչքան էլ արդյունավետ լինեն տնտեսական բարեփոխումները, առանց քաղաքական հիմքի արդյունք չի լինի», - նշել է նա: Լրացուցիչ արգելքների շարքում մասնագետը նշել է նաև ֆինանսական մատչելիության բացակայությունը ՓՄՁ ներկայացուցիչների համար, ինչպես նաև մաքսային պրոբլեմները և սպառման շուկայի սահմանափակ լինելը:
Միևնույն ժամանակ, Հ.Ավագյանը նշել է, որ ՓՄՁ-ների 52%-ը կենտրոնացված է մայրաքաղաքում, իսկ դրանց կառուցվածքում գերիշխում է առևտրական գործունեությունը, ինչը, նրա կարծիքով, խոսում է երկրում տիրող տնտեսական անբարենպաստ իրավիճակի մասին:
Նշենք, որ այսօր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է մոտ 70 հազար ՓՄՁ ոլորտի սուբյեկտ, որից 58 հազարը հանդիսանում է միկրո և փոքր, իսկ 10 հազարը`միջին ձեռնարկություն: ՓՄՁ-ների մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում 2015 թվականին նվազել է 30% (նախորդ տարի`42%), իսկ հատվածն ապահովում է հարկային եկամուտների միայն 6%-ը: