Երկուշաբթի, 6 Հունիսի 2016 17:43
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր

ՀՀ կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր

Արմինֆո. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
 
Աղբյուրի համաձայն ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասինե համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը: Հայ-չինական համագործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասինե հուշագիրն է, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:
 
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ճան Գաոլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատմական ու մշակութային մեծ արժեքներ կրող Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումն իր երկրի համար ունի կարևոր նշանակություն և ավելացրել, որ երկկողմ փոխգործակցությունը մշտապես զարգանում է անկեղծության ու փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում: Նա վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի ջերմ ողջույնները: Չինաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենևին էլ առավելագույն սահմանը չեն. առկա է մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար: Ճան Գաոլին ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում և ավելացրել, որ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն: Չինաստանի փոխվարչապետը կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի և Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ: 
 
Հովիկ Աբրահամյանը, ողջունել է պարոն Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան և նշել, որ այն վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի ոչ միայն բարեկամ, այլ նաև կարևոր քաղաքական գործընկերներից մեկը և շեշտել, որ վերջին տարիների բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել տնտեսական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ զգալիորեն ավելացել է երկկողմ առևտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի: 
 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-չինական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարել մի քանի խոշոր կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին ու առաջիկա քայլերին: Հովիկ Աբրահամյանը և Ճան Գաոլին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:
 
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև հունվար-ապրիլին կազմել է 118.5 մլն.դոլար, տարեկան անկումը`16%: Միևնույն ժամանակ, արտահանումը նվազել է 50,3%, մինչև 25,2 մլն.դոլար, իսկ ներմուծումն աճել է 3,2%, մինչև 93,3 մլն.դոլար: