Ուրբաթ, 10 Հունիսի 2016 19:19
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարությունում քննարկել են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող հարցեր

ՀՀ կառավարությունում քննարկել են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող հարցեր

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառվարությունում տեղի է ունեցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նշվել է, որ հաշվի առնելով Գառնի համայնքում ծրագրի իրագործման մասով ՀՀ վարչապետի և Գառնիի բնակիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ծրագրի վերաբերյալ տեխնիկական լուծում գտնելու նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, առաջարկվել են ծրագիրը շարունակելու նոր տարբերակներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել ուսումնասիրությունների արդյունքներին և առաջարկվող լուծումներին, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:  

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Գառնի գյուղի բնակիչները փակել են Գառնի-Երևան մայրուղի տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի, իրենց խոսքով, անօրինական կառուցումը, ինչը ենթադրում է Ազատ գետից խողովակաշարերով ջրի տեղափոխում Գառնիի երկու համայնք, որոնց հողերը, գյուղացիների խոսքով, պատկանում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանը, այդպիսով իշխանավորները փորձում են լուծել սեփական վարելահողերի խնդիրը՝ ինչպես Գառնու կիրճի, այնպես էլ Ազատ գետի համար էկոլոգիական խնդիրներ ստեղծելու սպառնալիքով: Նա նաև հայտնել է, որ բողոքի ակցիային միացել են նաև Գողթ գյուղի բնակիչները, ովքեր իրենց հերթին անհանգստացած են Գեղարդալճի ճակատագրով, որի ջրերը նույնպես արհեստական ոռոջման համակարգ կառուցելու միջոցով նախատեսվում է տեղափոխել հարևան համայնքներ, որի հողերը պատկանում են Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին: Այվազյանի խոսքով, նախագծի իրականացման դեպքում Գողթ համայնքը կզրկվի ջրից, բացի այդ, կխախտվի լճի էկոհամակարգը և վերջինիս նույնպես, ինչպես Ազատ գետի դեպքում, կսպառնա ճահճացում: Մայիսի 21-ին, ժամը 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տեղի բնակչությանը: Արդյունքում, որոշվեց չեղյալ հայտարարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, դադարեցնել շինարարությունը և շինտեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից: Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: