Երեքշաբթի, 26 Հուլիսի 2016 12:40
Նաիրա Բադալյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը որևէ պատկերացում չունի Հայաստանի համար Եվրոպայի երկնքի փակ լինելու պատճառների մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը որևէ պատկերացում չունի Հայաստանի համար Եվրոպայի երկնքի փակ լինելու պատճառների մասին

Արմինֆո. Եվրապայի անվտանգ և կայուն օդային տարածությունը Հայաստանի համար շարունակում է փակ մնալ: ՙՄենք դեռ սպասում ենք Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրամիության գործադիր իշխանության մարմնի մանդատի տրամադրմանը՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Ժամկետների հետաձգման հնարավոր պատճառները պարզելու համար Մելքոնյանը խորհուրդ է տվել դիմել ԵՄ-ին:

 

ՙԵվրոպայի միասնական երկնքին՚ Հայաստանի միանալու ժամկետները հետաձգվել են մի քանի անգամ: 2015 թ. դեկտեմբերին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել էր Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի՚ համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի՚ քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Նշվել էր, որ դեկտեմբերին ԵՄ-ն նման համաձայնագրի ստորագրման մանդատ կտրամադրի, իսկ 2016 թ. հունվարից այդ հարցի շուրջ բանակցություններ կսկսվեն:

 

Վերջին ամիսների ընթացքում Երևանը բազմիցս բանակցությունների շուտափույթ սկսման իր շահագրգռվածությունն է հայտնել, սակայն պաշտոնական մակարդակով հաղորդվել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու հարցը կքննարկվի մինչև հունիսի կեսը: Սակայն, այնուհետև Գարեգին Մելքոնյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ ժամկետները տեղափոխվել են մինչև հունիսի վերջը:

 

Ներկայումս Հայաստանը  շարունակում է գտնվել ՙսպասման ռեժիմի՚ մեջ: ՙՄեզ ասվել է, որ աշխատանքներն ընթանում են ԵՄ ավիացիայի ռազմավարության շրջանակներում՚,- հայտարարել է Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ մոտ ժամանակներս, այնուամենայնիվ, դրական դինամիկա կարձանագրվի: Հայկական կողմը, ինչպես նշել է փոխնախարարը, մանդատի տրմանդրման ժամկետների հետաձգման պատճառներ չի տեսնում:

 

Մանդատն ստանալուց հետո Եվրահանձնաժողովը լիազորված կլինի բանակցել Երևանի հետ: Հայաստանին կտրամադրվի համաձայնագրի այն նախագիծը, որը, ըստ ԵՄ, կլինի միասնական օդային տարածությանը միանալու բանակցությունների հիմքում: Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով, բանակցությունները երկարատև չեն լինի, քանի որ գոյություն ունի բոլոր երկրների հետ համագործակցության հիմնական մոդելային ձևաչափ:

Հմաձայնագրին միանալու արդյունքում Հայաստանի և ԵՄ 28 երկրների միջև կսկսի գործել ավելի ազատականացված ավիացիոն ռեժիմ, որից կօգտվեն Հայաստանի և ԵՄ երկրների ավիաընկերությունները:

 

Նշենք, որ թռիչքների անվտանգության ապահովումից և սերտիֆիկացիոն կանոնակարգերից բացի, փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում օտարերկրյա փոխադրողների և Եվրոպայում հայկական փոխադրողների չվերթների իրականացման սահմանափակումների վերացում: Դա թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններով Հայաստան ներգրավել եվրոպական ավիաընկերություններին, մասնավորապես՝ բյուջետային: Ազատականացումը կարող է միջազգային մակարդակով ապահովել արդարացի և բարեխիղճ մրցակցություն: Արևելյան գործընկերության անդամ երկրներից միասնական օդային տարածքին միացել են` Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան:

Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքին միանալը Հայաստանին թույլ կտա դուրս գալ անվտանգ և կայուն օդային տարածություն: