Հինգշաբթի, 28 Հուլիսի 2016 11:46
Նաիրա Բադալյան

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին:

 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Եվա Վիտտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն պարոն Լարս Օերմանն ավարտում է իր լիազորությունները՝ փոխանցելով դրանք նորանշանակ տնօրեն Քլաուս Վայգելին:

 

ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով գործող տնօրեն Լարս Օերմանին և բարձր գնահատելով սերտ ու վստահելի համագործակցության փորձը, հույս է հայտնել, որ ձևավորված գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նաև Քլաուս Վայգելի տնօրինության ժամանակահատվածում:

 

Քլաուս Վայգելը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար և շեշտել. ՙԵս բազմիցս լսել եմ ՀՀ բնապահպանության նախարարություն – KFW բանկ վստահելի համագործակցության մասին և կանեմ առավելագույնն այդ կայուն հիմքերն ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ՚:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ բնապահպանության նախարարության և KFW բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը:

 

Անդրադառնալով առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պահպանության և արդյունավետ կառավարման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, KFW բանկի ներկայացուցիչները նշել են, որ ներկայում տարվում են աշխատանքներ՝ որոնց արդյունքում առաջիկայում նախատեսվում է կնքել համագործակցության պայմանագիրը: