Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետի տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ պարոն Մոհամմադ Էմամի Ամինը: Հանդիպմանը ներկա էր նաև Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,
այցի նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում:
«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը՚, - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին տեղեկացրել են, որ նկատի ունենալով Հայաստանի ադնամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Թեհրանի նահանգապետարանը հետաքրքրված է ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կազմակերպմամբ:
Արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով:
Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնություններին:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

