Ուրբաթ, 12 Օգոստոսի 2016 18:52
Ալինա Հովհաննիսյան

Գյուղատնտեսության նախարարություն. Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրների շուկաներ մրգի ու բանջարեղենի արտահանումն ավելացել է 90%

Գյուղատնտեսության նախարարություն. Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրների շուկաներ մրգի ու բանջարեղենի արտահանումն ավելացել է 90%

Արմինֆո. Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրների շուկաներ մրգի ու բանջարեղենի արտահանումն ավելացել է 90%: Այս մասին օգոստոսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

«Սա ևս մեկ ապացույց է, որ ԵԱՏՄ շրջանակներում մեր կատարած աշխատանքն արդյունավետ էր: Մեր գյուղատնտեսական ապրանքների համար ԵԱՏՄ շուկան ամենաարդիականն է», -ասել է փոխնախարարը: Նա այդ ցուցանիշների աճը պայմանավորել է մի քանի գործոններով, հատուկ ուշադրություն դարձնելով դեպի ԵԱՏՄ շուկաների հայկական ապրանքների մուտքի համար ստեղծված պարզեցված  ընթացակարգերին: Հարությունյանը նաև ասել է, որ նախարարությունը նախատեսում է ավելացնել վերամշակող արդյունաբերության ծավալները:

Ասուլիսի ընթացքում, փոխնախարարը նշել է, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում ստեղծված է 12 աշխատանքային խումբ, որոնք տեսակոնֆերանսների միջոցով գործում են տարբեր ուղղություններով: Միևնույն ժամանակ, ըստ Ա. Հարությունյանի, բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների բորսաներ ստեղծելու ուղղությամբ, որոնց գործունեությունն ուղղված է լինելու ԵԱՏՄ անդամ-երկրների գյուղատնտեսության ոլորտների արդյունավետության և մրցունակության բարելավմանը:

Մեկ այլ դրական գործոն է նա համարում Հայաստանի ներգրավվածությունը երրորդ երկրների հետ ազատ առևտրին, մասնավորապես, Վիետնամի, Իսրայելի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի առաջին կիսամյակում աճել է 2.7%, մինչև 2.3 մլրդ.դոլար: Մասնավորապես, արտահանումն աճել է 16.7%, մինչև 815 մլն.դոլար, իսկ ներմուծումը նվազել է 3,7%, մինչև 1,5 մլրդ.դոլար: