Շաբաթ, 27 Օգոստոսի 2016 14:43

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը

Արմինֆո. Արթուր Գառնիկի  Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։  Այնուհետև  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը`  ստանալով  տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։ Հետագայում սովորել է Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցում և ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։

Ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտում: 1996թ.-ից իր աշխատանքային գործունեությունը սկսելով  ՀՀ ֆինանսների, ապա վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, մինչև  2000թ. այդ գերատեսչությունում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:

2000-թ.-ից սկսվել է նրա  աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում: 2000թ.-ի հունվարից մինչև 2002թ.-ի մայիսը հանդիսացել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալը, հետագայում՝ մինչև 2006թ.-ի օգոստոսը աշխատել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։

2006թ.-ի հոկտեմբերից Արթուր Հակոբյանն աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի, 2009-ից մինչև 2012թ՝․նույն բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում: 2012-2014թթ. ապրիլ ամիսը հանդիսացել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի առաջին տեղակալը։

2014-ից մինչև 2016թ –ի օգոստոսը զբաղեցրել է  "Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Փրոփերթիզ" և "Դիլիջան Դեվելոփմենթ" հիմնադրամների գործադիր տնօրենի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է  "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագիրը։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։